7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրենքի նոր նախագիծ էր ներկայացրել խորհրդարան, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Կրթության մասին» օրենքում:
Այս նախագիծը վաղվա կառավարության նիստին ներկայացվելու է գործադիրի հավանությանը:
Նախագծով առաջարկվում է վճարովի հիմունքներով սովորողներին հնարավորություն տալ իրենց ուսման վարձը մուծել ըստ կիսամյակների կամ ամիսների:
Իսկ այն դրույթը, որով բարձրագույն ուսումնական հաստատությունները ըստ անհրաժեշտության կարող են սահմանել նաև ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմներ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել:
Պատգամավորը հիմնավորման մեջ նշել է, որ բարձրագույն կրթության ոլորտում ներկայումս գոյություն ունեցող հիմնախնդիրներից իր սոցիալական նշանակությամբ հատկապես առանձնանում է ուսման վարձի վճարման հետ կապված խնդիրը, ինչը լուրջ դժվարություններ է ստեղծում բարձրագույն կրթություն ստանալու ցանկություն ունեցող, սակայն սոցիալական ոչ բարենպաստ պայմաններում գտնվող անձանց համար: Ընդ որում, խնդիրը կապված է ոչ միայն ուսման վարձի մեծ չափերի, այլ նաեւ դրա վճարման մեխանիզմի հետ: Մասնավորապես, համաձայն «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետի 5-րդ պարբերության «Վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են մուծել ըստ կիսամյակների»: Միաժամանակ, նույն կետի 6-րդ պարբերության համաձայն՝ «Բարձրագույն ուսումնական հաստատությունները ըստ անհրաժեշտության սահմանում են նաեւ ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմներ»: Նման ձեւակերպումը որոշակիորեն խոցելի է, քանի որ ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմների սահմանումը թողնվում է բուհերի հայեցողությանը` հաշվի չառնելով բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգերում սովորողների շահերը:
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը փետրվարի 14-ին կառավարության հավանությանը կներկայացնի այս նախագիծը: Նախագծի վերաբերյալ եզրակացության մեջ նախարարությունը նշում է, որ «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունեն:
Այդուհանդերձ, ըստ ամիսների ուսման վարձավճարների գանձումների պարագայում բուհերի համար կարող են առաջանալ ֆինանսական խնդիրներ՝ ինչպես պայմանագրային պարտականությունների կատարման, աշխատավարձերի վճարման, այնպես էլ բուհի ենթակառուցվածքների պահպանման կամ գործունեության համար անհրաժեշտ այլ ընթացիկ ծախսերի առումով: Առավել ևս, որ ուսանողների տեղափոխության և վերականգնումների գործընթացներն (վերջինիս հետ կապված համապատասխան վճարումները՝ նաև կրեդիտներով պայմանավորված) իրականացվում են ըստ կիսամյակների:
Նախարարությունը նաև նշել է, որ ներկայումս վերանայման և լրամշակման փուլում է գտնվում «Բարձրագույն կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որում նախատեսված են կանոնակարգող դրույթներ՝ բուհերի ֆինանսավորման և ուսանողներին պետության կողմից կրթաթոշակների տրամադրման նոր սկզբունքների և մեխանիզմների մասով, ինչպես նաև կարիքավոր ուսանողներին, սոցիալական անապահովության չափանիշների և առաջադիմության արդյունքների համակցմամբ, ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ կրթաթոշակների տրամադրման վերաբերյալ։