Ազգային ժողովի նախագահի որոշմամբ սահմանվում է Երևանում բնակարան չունեցող Հայաստանի Հանրապեության Ազգային ժողովի պատգամավորներին Երևանում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում տրամադրելու չափը և կարգը:
Որոշումը ստորագրվել է դեռևս 2018 թվականի ապրիլի 3-ին, երբ Ազգային ժողովի նախագահը Արա Բաբլոյանն էր:
Որոշման մեջ մասնավորապես ասվում է.
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 12-րդ կետով և 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով` որոշում եմ.
1. Երևան քաղաքում բնակարան չունեցող ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին Երևան քաղաքում բնակարանի վարձի ամսական փոխհատուցման չափը սահմանել` մինչև 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված փոխհատուցումը տրամադրվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի` ՀՀ Ազգային ժողովի նախագահին ներկայացված դիմումի, նոտարական կարգով վավերացված վարձակալության պայմանագրի և ՀՀ կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմնի կողմից տրամադրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի հիման վրա:
3. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարումների կատարումն ապահովում է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը` սույն որոշման 2-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո` յուրաքանչյուր ամիս մինչև ամսվա 15-ը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»: