ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ խոսակցությունները չեն դադարում:
Հատկանշական է, որ նախագիծը Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում՝ e-draft.am-ում է տեղադրվել 2018 թվական դեկտեմբերի 19-ին:
ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշմամբ սահմանվում է հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը:
Կարգի 9-րդ կետով սահմանվում է.
«Հանրային քննարկումների տևողությունն առնվազն 15 օր է, եթե հանրային քննարկում իրականացնող մարմինը չի սահմանել ավելի երկար ժամկետ»:
Իսկ 10-րդ կետի համաձայն, հանրային քննարկումը պարտադիր իրականացվում է քննարկում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակման եղանակով:
Կայքում որպես քննարկման ժամկետ է նշված հունվարի 31-ը:
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ չնայած նրան, որ սովորաբար նախագծերը քննարկման են դրվում 15 օրով, այնուամենայնիվ ՔՀԿ-ների կողմից ստացված գրության համաձայն այն երկարաձգվել է:
Իրավաբան.net-ի հետ զրույցում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ից տեղեկացրին, որ դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 20-ին հասարակական կազմակերպության անունից գրություն է ներկայացվել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ մի շարք բացթողումներ շտկելու, առաջարկություններ ներկայացնելու և քննարկումներ անցկացնելու համար նշված ժամկետները սեղմ են:
«ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան նոր ռազմավարության վերաբերյալ իր հայեցակարգային դրույթներն արդեն իսկ ներկայացրել է, սակայն նոր ռազմավարության ընդունման համար սահմանված ժամկետները սեղմ են:
Առաջարկում ենք ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ընդունվելիք ծրագրում նախատեսել հակակոռուպցիոն նոր 2019-22 թվականների ռազմավարության մշակման առավել իրատեսական ժամկետներ՝ այդ փաստաթղթի լրամշակման, մասնագիտական քննարկումների անցկացման, հանրության լայն շրջանակների ներգրավման համար»,-ասվում է Նիկոլ Փաշինյանին ուղղված դիմումում:
Այս ամենի արդյունքում էլ՝ հանրային քննարկումների համար նախատեսված ժամկետը երկարաձգվել է: