Մեր ծիրանի ծառը ինձ համոզեց հանգիստ թողնել Քոչարյանին ու նրա ավազակախմբին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն  իր ֆեյսբուկյան էջում գրառում է կատարել իր գրած հոդվածներից մեկի մասին, որի վերնագիրն է  «Մեր մեղքը. ազգային-արդյունավետ կառավարում»։

Ստորև ներկայացնում ենք գրառումը՝

«Սիրելիներ, այս հոդվածը գրել եմ 2006 թվականի օգոստոսին: Տպագրվել է «Հայկական ժամանակի» օգոստոսի 16-ի համարում: Վարչապետ ընտրվելուց հետո ամեն շաբաթ հիշում էի էս հոդվածի մասին, ու որոշեցի ձեզ էլ ներկայացնել: Ներկայացնում եմ ստորեւ, առանց փոփոխության:

Վերնագիր – Մեր մեղքը. ազգային-արդյունավետ կառավարում

Ամառային մի օր Իջեւանի մեր տան բակում նստած միտք էի անում պետության արդյունավետ կառավարման մասին: Փորձում էի հասկանալ, թե ինչու, այնուամենայնիվ, հնարավոր չի լինում մեր երկրում պետական արդյունավետ կառավարում իրականացնել:

Եւ այն ժամանակ, երբ ուր որ է` պետք է եզրակացնեի, որ դրա մեղավորը, ասենք, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանն է, աչքս ընկավ մեր ծիրանի ծառին: Ամառվա այդ օրը, երբ հանրապետությունում ծիրանի բերքահավաքի ամենաթեժ շրջանն էր, մեր ծառի վրա ոչ մի ծիրան չկար:
Եւ սա բնական է, որովհետեւ ծիրանը Իջևանում բերք չի տալիս: Անգամ խոսակցություն կա, որ Իջեւանում ծիրանը 17 տարին մեկ է բերք տալիս: Այս խոսակցությունը, սակայն, եւ ուրիշների, կամ ավելի ճիշտ՝ մեր պապերի դառը փորձը մեզ չի խանգարել, որ մենք մեր այգու լավագույն տեղում երկու հատ ծիրանի ծառ տնկենք: Ու ամեն գարուն մեր ծիրանի ծառը ծաղկել է` ծաղկի 70 տոկոսը ցրտահարվել է, 20 տոկոսը կարկուտն ու անձրեւն են տարել, 10 տոկոսն էլ որդն է կերել:

Եւ այդպես, ամեն անգամ մենք չենք ընդունել մեր սխալը եւ մեզ հույս ենք տվել, որ հաջորդ տարի կարկուտ չի լինի, ցուրտ չի լինի, անձրեւ քիչ կգա: Բայց ամեն տարի նույնը կրկնվել է, որովհետեւ եղանակը, այնուամենայնիվ, շատ մեծ տատանումներ չի տալիս, ու այսպես թե այնպես՝ ամեն տարի հիմնականում նույնն է կրկնվում:

Եւ ահա, մեր ծիրանի ծառը ստիպեց ավելի լրջորեն մտածել արդյունավետ պետական կառավարման մասին եւ դա անել սեփական օրինակով: Հարցը հետեւյալն է. մեզ` մեր ընտանիքին, բաժին է հասել այս փոքրիկ, երեք-չորս հարյուր քառակուսի մետրանոց հողակտորը: Դա մի տարածք է, որտեղ մենք ե՛ւ նախագահ ենք, ե՛ւ վարչապետ. կառավարիչ՝ կարճ ասած:

Եվ խնդիրը հետեւյալն է. ինչքանո՞վ ենք մենք արդյունավետ իրականացնում մեզ բաժին հասած տարածքի կառավարումը եւ ինչքանո՞վ ենք այն կարողանում ծառայեցնել ինքներս մեր բարեկեցությանը: Հարցը կարեւոր է ոչ միայն բարեկեցության, այլեւ արդյունավետ կառավարումը մեր մեջ որպես մտածելակերպ, գենետիկ կոդ սերմանելու իմաստով:

Որովհետեւ, եթե այսօր դու կառավարիչ ես 400 մետր հողակտորի եւ արդյունավետ չես կառավարում այն, ինչպես կարող ես երկիրը արդյունավետ կառավարել, եթե հանկարծ հայտնվես երկրի կառավարչի կարգավիճակում: Ու չէ՞ որ ՀՀ ամեն քաղաքացի կառավարման փորձը ձեռք է բերում առաջին հերթին իր տնտեսության, այգու, տնամերձի կառավարմամբ, ու սա այն քաղաքացին է, որ նախագահ, վարչապետ, նախարար լինելու իրավունք ունի:

Կարճ ասած, այն ժամանակ, երբ ես Հայաստանի անարդյունավետ կառավարման համար հզոր մեղադրանքներ էի պատրաստվում տեղալ, ասենք, պայմանականորեն՝ Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմի վրա, մեր ծիրանի ծառը ինձ համոզեց հանգիստ թողնել Քոչարյանին ու նրա ավազակախմբին:

Եւ եկեք նայենք, թե ինչպես ենք մենք կառավարում մեր տնամերձը: Գանք վերեւից. բալի ծառ, որն, ըստ էության, երբեք բերք չի տալիս. հիվանդ է, ի՞նչ է` չգիտեմ: Կեռասի ծառ, որ մեծ հաշվով երբեք բերք չի տալիս՝ նույն պատճառով, ինչ որ ծիրանը: Կարալյոկ. երկու ծառ. այստեղ ամեն ինչ կարգին է: Հետո կողք- կողքի շարված են սեւ ու դեղին սալորի ծառեր:

Սրանք այն ծառերն են, որոնք Իջեւանի պայմաններում հոյակապ բերք են տալիս, բայց մենք այդ ծառերը այնպես ենք լցրել իրար գլխի, որ նրանց, ըստ էության, զրկել ենք բերք տալու հնարավորությունից:

Հիմա գանք մեր տնամերձի բոստանային մասին. այստեղ ցանված են լոլիկ, վարունգ, լոբի, պղպեղ: Ամեն տարի համտեսում ենք մեր բոստանի բերքն ու իրար համոզում, թե շատ համով է: Բայց այսքան տարի չենք էլ նկատել, որ լոլիկը իջեւանյան մեր բակում հասունանում է այն ժամանակ, երբ շուկայում այն լինում է 60-100 դրամ, ու, փաստորեն, գուցե շատ ավելի ձեռնտու է այն գնելը: Նույնը, ըստ էության, կարելի է ասել նաեւ մյուս մշակաբույսերի մասին:

Կարճ ասած, ակնհայտ է, որ մեր տնամերձը խայտառակ անարդյունավետ է կառավարվում: Ցանկապատի վրայով նայում եմ մեր հարեւանների տնամերձներին՝ նույն վիճակն է: Ու այսպես, երկրում անարդյունավետ են կառավարվում հարյուր հազարավոր տնամերձներ, եւ այս պայմաններում անհասկանալի է, թե ինչու պետք է երկիրը արդյունավետ կառավարվի: Ինչի՞ հաշվին:

Ելք կա
Բնականաբար, մեր տնամերձի արդյունավետ կառավարման հարցը ես բարձրացրի մեր ընտանիքում: Ներկայացրի բոլոր փաստարկները` ծիրանի, կեռասի, լոլիկի եւ մյուս բաների մասին: Ոչ մի հակափաստարկ չհնչեց: Սկսեցինք մտածել ելքի ուղիների մասին:

Եղբայրս, որ գյուղատնտես է, արեց թերեւս ամենաօպտիմալ առաջարկը. անհրաժեշտ է տնամերձի ողջ տարածքով տնկել սեւ սալորի ծառեր եւ լրջորեն զբաղվել դրանց մշակմամբ: Հիմնավորումը հետեւյալն է. սեւ սալորը Իջեւանի պայմաններում հոյակապ բերք է տալիս, բուժման կարիք չունի, եւ դրա չիրը շուկայում մեծ պահանջարկ ունի ու թանկ արժի:

Սա իսկապես հոյակապ գաղափար է: Նշանակում է՝ հենց աշնանը այգին պետք է մաքրել ամեն տեսակ այլ ծառերից, գտնել լավ տնկիներ եւ ողջ տարածքը տրամադրել 6-8 սեւ սալորի ծառերի: Բայց մի փոքր պրոբլեմ կա. այս ամենը պահանջում է կամք, աշխատանք, համառություն: Համ էլ անհրաժեշտ է սալորաչիր անելու ձեւը սովորել, հետո էլ անհրաժեշտ է այդ սալորաչիրը իրացնելու ուղիներ փնտրել: Լավ, լավ, վերջ տվեք. ո՞վ էդքան զահլա ունի:

Համ էլ մեզանից այգեգործ ու առեւտրական դուրս չի գա: Ահա այսպես. հաջորդ մարտին մեր ծիրանը կրկին կծաղկի, ու ծաղիկը ցուրտը կտանի, մեր կեռասը կչեչոտի ու այդպես էլ կեռաս չի դառնա: Մեր լոլիկը կհասնի օգոստոսի վերջին, ու ես՝ մի շաբաթ-կիրակի Երևանից ժամանած լրագրողս, կհամտեսեմ այն, և թարմ լոլիկի հոտը ինձ կտանի դեպի իմ մանկության խորքերը, կհիշեցնի իմ կյանքի մոռացված դրվագներ, որոնք անսահմանորեն կհուզեն իմ հոգին:

Ահա այսպիսի տխմար արժեքների գերին ենք ես ու մեր ժողովուրդը:

Նիկոլ Փաշինյան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել