Շարուրի փողոցի շենքերից մեկի մոտ իրեն ծեծել են

ՀՀ ոստիկանությունից տեղեկանում ենք, որ  ոստիկանները բացահայտել են Չարբախում կատարված դանակահարությունը: Դեպքից րոպեներ անց մի տղամարդ Չարբախի բաժանմունքում հայտնել է, որ Շարուրի փողոցի շենքերից մեկի մոտ իրեն ծեծել են: Դանակահարության մասին քաղաքացին, որի դեմքն արյունոտ է եղել, իսկ ճակատին՝ քերծվածքներ,  չի նշել:

Ոստիկանները շտապօգնություն են կանչել, տուժողը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից քիչ անց ոստիկանության Չարբախի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ տղամարդը ճակատի քերծվածքներից բացի, որովայնի շրջանում կտրած-ծակած թափանցող վերք ունի:

Ոստիկաններն անհետաձգելի որոնողական աշխատանքներ են սկսել: Դանակահարությունը բացահայտվել է ժամեր անց` համայնքային ոստիկանության բաժանմունքում ստացված տեղեկություններն իրացնելու արդյունքում:
Համայնքային ոստիկանները նախ ճշտել էին, թե դեպքը որտեղ է կատարվել, ապա բնակիչների շրջանում իրականացրած հարցումների արդյունքում պարզել, որ տուժողին մարմնական վնասվածք է պատճառել Շարուրի փողոցի բնակիչ Նվեր Բաղդասարյանը: Նույն օրը նշված փողոցից Բաղդասարյանը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Նվեր Բաղդասարյանը հենց իրենց շենքի շքամուտում է դանակահարել տուժողին, որն, ըստ նախնական տվյալների, ալկոհոլի ազդեցության տակ բարձրաձայն հայհոյել է` չընդունելով շենքի բնակիչների դիտողությունները, վեճի բռնվել Բաղդասարյանի հետ:

Ոստիկանությունը պարզում է հանգամանքները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նվեր Բաղդասարյանը ձերբակալված է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել