Հրահանգվեց քրեակատարողական հիմնարկներում խիստ վերահսկել և կանխել կոռուպցիայի ցանկացած դրսևորում․Խորհրդակցություն՝ ՔԿԾ-ում

Քրեակատարողական ծառայությունում ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը և անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանը հանդիպում ունեցան քրեակատարողական հիմնարկների պետերի անվտանգության ոլորտը համակարգող տեղակալների հետ:

Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից։

Քննարկելով աշխատանքային գործունեությունը՝ նրանք անդրադարձան հիմնարկներում մշտապես իրականացվող խուզարկություններին, ներքին կանոնակարգի պահանջների պահպանմանը: Հրահանգվեց խիստ վերահսկել և կանխել կոռուպցիայի ցանկացած դրսևորում, բարձրացնել վերահսկողությունը դատապարտյալների վարքագծի կանոնների պահպանման, ներքին կանոնակարգի խախտումների նկատմամբ, լինել առավել զգոն՝ խստագույնս հետևելով և հսկելով ծառայողների և ազատազրկված անձանց, ինչպես նաև նրանց հարազատների հետ միջանձնային հարաբերությունները: Քննարկվեցին նաև հնարավոր բոլոր ուղիները՝ արգելված իրերի ներթափանցումն հայտնաբերելու և կանխելու համար:

Խորհրդակցության ընթացքում բարձրացված խնդրահարույց հարցերի շուրջ խոսեցին և կարծիքներ փոխանակեցին նաև հիմնարկների անվտանգության ոլորտը համակարգող պետի տեղակալները, ներկայացրին առաջարկություններ՝ ըստ հիմնարկների առանձնահատկությունների:

Ծառայության պետի առաջին տեղակալ Մանուկ Միքայելյանը, ամփոփելով խորհրդակցությունը, ներկաներին կոչ արեց անհատական, ինչպես նաև ենթակաների համար օրինակելի մոտեցում ցուցաբերել վերհանված խնդիրների արդյունավետ լուծմանը, լինել առավել հետևողական և ուշադրության կենտրոնում պահել հանձնարարականները հնարավորինս արագ և ժամանակին իրականացնելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել