Քաղաքապետի ընտրությունները չեն կայանում․ Երևանի ավագանին նիստին ներկա չէ

Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստին ավագանու անդամները ներկա չեն և քաղաքապետի ընտրությունը հնարավոր չէ անցկացնել, քանի որ քվորում չկա։ Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը։

««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են ավագանու անդամների օրենքով սահմանված թվի կեսից ավելին։ Հարգելի ավագանու անդամներ, այս պահի դրությամբ Երևանի ավագանու 2018 թ-ի հուլիսի 16-ի ժամը 11-ի նիստին ներկա են ավագանու 5 անդամներ, քվորում չունենք, հետևաբար «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն նիստն իրավազոր չէ, քանի որ նիստին չեն մասնակցում ավագանու անդամների օրենքով սահմանված թվի կեսից ավելին»,-նշեց Կամո Արեյանը։

Երևանի ավագանու կանոնադրության համաձայն, 30 րոպե ընդմիջում է հայտարարվել։

Նշենք, որ նիստին ներկա են միայն ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության 3 անդամները, ավագանու անկախ անդամ Հայկ Պետրոսյանը և փոխքաղաքապետ Կամո Արեյանը։ Հավելենք, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այս պահի դրությամբ քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել