Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման համար նրա պաշտպանները դիմել են վերաքննիչ դատարան: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպանը՝ Արսեն Մկրտչյանը:
«Նա կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի»,-նշեց նա:
Նշենք նաև, որ հունիսի 28ին` ժամը 15:30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին մի կնոջից ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղում, օգտվելով առանձնատանը մարդկանց բացակայությունից, անհայտ անձինք տեխնիակական միջոցների գործադրմամբ պոկել են պատուհանի ճաղավանդակը և մուտք գործել Մանվել Գրիգորյանի հայրական տուն, խառնել անկողինները, դարակները, իրերը, հայտնում են ոստիկանությունից:
Գողության դեպքի նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե:
Հիշեցնենք, որ Մնավել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք:
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:
Եվգենյա Համբարձումյան