ՀՀ գլխվոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Դատախազի կողմից` ապրիլի 22-ին զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված գործով մեղադրյալ Կարեն Օհանյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնելու հիմնավորվածության առնչությամբ սոցիալական ցանցերում մասնագետ գործընկերների կողմից ծավալված ակտիվ քննարկումներում վերացական, չհիմնավորված մեկնաբանություններ կամ եզրահանգումներ էին արվում դատախազի գործողությունների անօրինականության վերաբերյալ: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը:
Նատի ունենալով, որ քրեական գործում իրականում առկա են նախկինում դատարան չներկայացված փաստական տվյալներ, որոնք դատախազի ներքին համոզմամբ վկայում են, որ եղել են մեղադրյալ Կ. Օհանյանի կողմից հանցանք կատարելու հիմնավոր կասկածը և կալանավորման համապատասխան հիմքերը` դատախազը Կ. Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ պատճառաբանված միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ իրացնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ և 285-րդ հոդվածներով նախատեսված իր լիազորությունը:
Անհրաժեշտ է հաշվի առնել, որ Կարեն Օհանյանը նշված գործով նախկինում ազատ է արձակվել՝ նրա ձերբակալումը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչվելու և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու արդյունքում: Հետևաբար հարկ ենք համարում գործընկերներին հիշեցնել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի բացառում ձերբակալումից ազատված մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հնարավորությունը: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասն արգելում է նույն մեղադրանքով նորից կալանավորել կալանքից ազատված անձին, այնինչ, մեղադրյալ Կարեն Օհանյանը երբևէ կալանավորված, հետևաբար նաև՝ կալանքից ազատված չի եղել:
Կոչ ենք անում հրապարակային կարծիքներ հնչեցնելիս պահպանել մասնագիտական էթիկան և զերծ մնալ իրականացվող դատավարական գործողությունների անօրինականության մասին թյուր հանրային կարծիք ձևավորող մեկնաբանություններից՝ գործի հանգամանքների չիմացության ու կիրառելի իրավակարգավորումների մակերեսային ուսումնասիրության արդյունքում»: