Բավարարվել է բռնությամբ զուգորդված խուլիգանության մեղադրանքով արդարացման դատավճռի դեմ դատախազի վերաքննիչ բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ բռնությամբ զուգորդված խուլիգանության մեջ ամբաստանվող անձին արդարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ մեղադրող դատախազի ներկայացրած բողոքը, հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը:

Դեռևս 2017 թվականի փետրվարի 8-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննության մարմնի կողմից Հ. Թ.-ին մեղադրանք էր առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն):

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել էլ, որ Հ.Թ.-ն իր հորեղբոր որդի Ն. Թ.-ի հետ, վերջինիս կողմից վարվող «Հովեռ» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել են Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայով: Տիգրան Մեծ-Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում, անցնելով լուսացույցը, նրանք երթևեկությունը շարունակել են Ագաթանգեղոսի 7-րդ շենքի դիմացի հատվածով, որտեղ առկա հետիոտնային անցման վրա, դիտավորյալ կերպով անտեսելով հասարակական վայրերում վարքագծի ընդունված նորմերը, բացահայտ արհամարհանք ցուցաբերելով մարդկային համակեցության կանոնների նկատմամբ և ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հանդեպ, ճանապարհը չզիջելու հարցի շուրջ Ն.Թ.-ի հետ, վիճաբանել են Ա. Ս.-ի հետ: Այդ ընթացքում, բռնություն գործադրելով, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Ա.Ս.-ի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

2017 թվականի հունիսի 28-ին քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Դատարանի դատավճռով Հ. Թ.-ն առաջադրված մեղադրանքում արդարացվել է այն պատճառաբանությամբ, որ մեղադրանքի հիմքում դրված ապացույցները Հ.Թ.-ի կողմից խմբի կազմում խուլիգանություն կատարելը հաստատող տվյալներ չեն պարունակում, և իբրև թե նախաքննության մարմինը ապացույցների մի մասը՝ տուժողի, վկաների ցուցմունքները մեղադրական եզրակացության մեջ շարադրել է` նշելով իրականում դրանցում չարտացոլված տեղեկություններ:

Դատարանը գտել էր նաև, որ ապացույցներն ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ չեն հաստատում Հ. Թ.-ի առնչությունը խուլիգանության դեպքին, և բացի այդ, ամբաստանյալ Հ. Թ.-ի գործողությունների հետևանքով հասարակությանը լուրջ անհանգստություն չի պատճառվել, նրա գործողություններն ուղղված չեն եղել հասարակության դեմ, չեն կատարվել խուլիգանական դրդումներով։

Մեղադրողը դատավճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ հիմնավորելով, որ գործով տուժողի, վկաների տված ցուցմունքները և մեղադրանքի հիմքում դրված մյուս ապացույցներն իրական են և արժանահավատ: Փաստարկվել է նաև, որ Հ.Թ.-ի գործողություններն ուղղված են եղել հասարակական կարգի դեմ, կատարվել են ուղղակի դիտավորությամբ և խուլիգանական դրդումներով: Հաշվի է առնվել, որ երկու անկողմնակալ վկաներն էլ հայտնել են, որ մեքենայի վարորդի և ուղևորների գործուղությունների արդյունքում լուրջ անհանգստություն է պատճառվել հասարակությանը, հավաքվել և նրանց գործողությունները փորձել են դադարեցնել մի խումբ անցորդներ, իսկ մեքենաների ընթացքը խաթարվել է:

Վերաքննիչ քրեական դատարանը, հիմնավոր համարելով մեղադրողի ներկայացված բողոքը, բեկանել է առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը՝ Հ. Թ.-ին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել