Քաղաքացին տուգանվելու «մատերիալ» չէ. Նիկոլ Փաշինյան

«Երբ մենք դադարեցրինք արագաչափերի գործունեությունը, զոհերի թիվը մի փոքր ավելացավ»,- այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ պատասխանելով վարչապետի այն հարցին, թե ինչ փուլում է գտնվում արագաչափերի և տեսահսկող սարքերի արդյունավետության հարցի քննարկումը:

Օսիպյանը հայտնեց իրականում խնդիրը  արագաչափերը չեն, այլ բողոքների հիմնական մասը վերաբերում են որոշակի իրավախախտումների մասով տուգանքներին և  երեկ արդեն իսկ ոստիկանությունը հայտարարություն է տարածել տուգանքների համաներման և որոշ իրավախախտումների դեպքում տուգանքներ չսահմանելու մասին:

Եվ այսօր էլ պետք է հանրային քննարկում լինի և որոշումներ կլինեն այնպիսի մեխանիզմներ ընտրել, որպեսզի անարխիա չլինի, վարորդների իրավագիտակցությունը բարձրացվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ոստիկանությունն ունի բավարար լծակներ՝ անկարգապահ վարորդներին կարգի հրավիրելու համար, միևնույն ժամանակ պետք է փոխվի մոտեցումները և քաղաքացին չդիտարկվի որպես «տուգանվելու մատերիալ»:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ հայտնեց, որ համաներման վերաբերյալ արդեն իսկ նախագիծ է հրապարակվել և ներկայացվել հանրային քննարկման՝ e-draft.am կայքում:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, թե համաներումների իրականացման մասով պետք է հաշվի առնել նաև պետբյուջեի վրա ֆինանսական ազդեցության կողմը: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հանձնարաված է ՊԵԿ-ին, որ պետք է բյուջեի մուտքերը էապես մեծանան, քանի որ պետությունն ունի ստվերային տնտեսություն, որը պետք է բերվի «լուսավոր տարածք».

«Մենք փող ունենք, պարզապես փողը այն տեղում չէ, որտեղ պետք է լինի»,- ասաց Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել