Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից մշակվել է «Պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ, ըստ որի սահմանվում են կառավարությանը, վարչապետին և նախարարությանը ենթակա մարմնի կանոնադրությունների օրինակելի ձևերը:
Կառավարությունն այս նախագծի մասին որոշում կընդունի այսօր՝ մայիսի 22-ին կայալանլիք նիստի ժամանակ։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքը, որի 7-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանվել են պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրությանը ներկայացվող պահանջները:
Բացի այդ, Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքը, որով կարգավորվում են պետական մարմնում, ենթակա պետական մարմնում կառավարչական իրավահարաբերությունները, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին պետական մարմնի, ենթակա պետական մարմնի մասնակցության հիմնական պայմանները:
Միաժամանակ, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը սահմանելու լիազորությունը վերապահվել է Կառավարությանը: Պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը վերոնշյալ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պետք է սահմանվի Կառավարության կազմավորումից հետո մեկամսյա ժամկետում:
Այսպիսով, կառավարությունն այս նախագծով կորոշի․
- Սահմանել նախարարության կանոնադրության օրինակելի ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
- Սահմանել Կառավարությանը ենթակա կոմիտեի կանոնադրության օրինակելի ձևը՝ համաձայն հավելված 2-ի:
- Սահմանել Կառավարությանը ենթակա տեսչական մարմնի կանոնադրության օրինակելի ձևը՝ համաձայն հավելված 3-ի:
- Սահմանել վարչապետին ենթակա մարմնի կանոնադրության օրինակելի ձևը՝ համաձայն հավելված 4-ի:
- Սահմանել նախարարությանը ենթակա մարմնի կանոնադրության օրինակելի ձևը՝ համաձայն հավելված 5-ի:
- Սույն որոշմամբ սահմանված կանոնադրությունների օրինակելի ձևերը կարող են կիրառվել պետական կառավարման համակարգի մարմինների կանոնադրությունները հաստատելիս, եթե այլ բան չի բխում պետական կառավարման համակարգի համապատասխան մարմնի մասին օրենսդրությունից:
- Ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի նիստի N 16 արձանագրության 37-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության նախարարության, գործակալության օրինակելի կանոնադրությունների և կառուցվածքների մասին» և Կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի նիստի N 40 արձանագրության 12-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համակարգում գործող տեսչական մարմինների օրինակելի կանոնադրությանը և կառուցվածքին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի նիստի N 16 արձանագրության 37-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրային որոշումները:
Որոշման նախագծին ամբողջություամբ ծանոթացեք՝ այստեղ։