Վարչապետը՝ երդմնակալության արարողությանը լրագրողներին նախապես հայտնած չլինելու մասին

Այսօր՝ մայիսի 21-ին, նախագահի նստավայրում տեղի ունեցած կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողներն իրենց դժգոհությունը հայտնեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նրանք նախ նշեցին, որ ուշ են իմացել, որ երդմնակալության արարողությունը բաց կլինի բոլոր լրագրողների համար, քանի որ նախապես հայտարարված է եղել, որ այն փակ է։ Արարողությունից րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ այն բաց է և լրատվամիջոցները կարող են ներկա լինել։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու՞ որոշվեց այն բաց անցկացնել․

«Կան իրողություններ, որ մենք պետք է հաշվի առնենք, չպետք է հին ժամանակների իներցիան մեզ տանի, և ես, ճիշտն ասած, միջոցառումից ընդամենը կես ժամ առաջ եմ տեղեկացել, որ դռնփակ է լինելու միջոցառումը, և ՀՀ նախագահի հետ խորհրդակցելով մենք կայացրել ենք այդպիսի որոշում, որ պետք է ֆորմատը փոխել»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ ցավում է, որ ոչ բոլոր լրատվամիջոցներն են հասցրել միանալ արարողությանը․ «Կարծում եմ, արարողակարգի ծառայությունը հետևություններ կանի և դռներ չի փակի՝ ավելորդ՝ առանց անհրաժեշտության»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել