Գալուստ Սահակյանը և 3 այլ պատգամավորներ նոր օրենքի նախագիծ են մշակել՝ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ  Գալուստ ՍահակյանըՌաֆիկ ԳրիգորյանըԳագիկ ՄելիքյանըՌուզաննա ՄուրադյանըՄարգարիտ Եսայանը նոր օրենքի նախագիծ են մշակել, որով առաջարկում են «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարել:

Առաջարկվում է սահմանել, որ կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է դադարեցնել բարձրագույն ուսումնական հաստատության լիցենզիայի գործողությունը նաև բարձրագույն ուսումնական հաստատության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դիմորդների ընդունելության, սովորողների փոխադրման, տեղափոխման, ամփոփիչ ատեստավորման (քննությունների), դիպլոմային աշխատանքների պաշտպանության պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում:

Պատգամավորները հիմնավորման մեջ նշել են.

«Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով  գործունեության լիցենզավորման պայմանների եւ պահանջների,  ինչպես նաեւ ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության եւ դրանք չպահպանելու դեպքում պատժամիջոցների կիրառման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:

 

Ներկայումս բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների պայմանների եւ պահանջների ինչպես նաեւ օրենսդրական պահանջների խախտումների դեպքում պատժամիջոցների կիրառումը նախատեսված է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով, սակայն տվյալ  բնագավառի առանձնահատկությունները գործում են անարդյունավետ, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել դրանք ամրագրել «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում, որի նպատակը կրթության որակի ապահովման երաշխիքների նոր գործիքակազմի բարելավումն է` բարձրագույն մասնագիտական կրթության համակարգում, բարձրագույն ուսումնական հաստատությունների անօրինական գործունեության նկատմամբ զսպող մեխանիզմերի կիրառման միջոցով՝ ընդհուպ մինչեւ լիցենզիայի գործողության դադարեցում` նպատակ ունենալով բարելավել  ուսումնական հաստատություններում կրթական գործունեության անհրաժեշտ պայմաններն ու ուսուցման  որակը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝  լիցենզիայի պայմանների, պահանջների եւ ՀՀ օրենսդրության խախտումների դեպքում պատժամիջոցների կիրառում, որը կնպաստի  բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող կրթական գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը»,-նշված է հիմնավորման մեջ:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել