ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի բժշկական սպասարկման վերահսկողության վարչության կողմից ուսումնասիրվել է 2018 թվականի մարտի 21-ին հրապարակված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնից։
Հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող տնտեսավարողները իրենց գործունեությունը օրենսդրական դաշտին համապատասխան կազմակերպելու համար տեսչությունը իրազեկել է ոլորտը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ:
ԱՆ առողջապահական տեսչական մարմինը վերահսկողական գործառույթների միջոցով կնպաստի հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի ու բուժման պատշաճ և արդյունավետ կազմակերպման համար՝ առանցքային նշանակություն ունեցող բժշկական օգնություն ցուցաբերող և սպասարկող անձնակազմի անհրաժեշտ քանակի ապահովմանն ու մասնագիտական պատրաստվածության աստիճանի բարձրացմանը: Ինչպես նաև բուժհաստատության գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական պահանջների ու պայմանների ապահովմանը, հոգեբույժների կողմից օրենքով նախատեսված հերթապահությունների իրականացմանը, հիվանդության պատմագրերի պատշաճ վարմանը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զսպման միջոցների կիրառմանը, հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները ընդգրկելով ռիսկի գնահատման հիման վրա կազմված ստուգումների տարեկան ծրագրում:
Նշենք նաև, որ վերահսկողական գործառույթների իրականացման ժամանակ ի հայտ եկած խնդիրների վերաբերյալ կներկայացվեն առաջարկություններ՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ խնդիրների հիմնովին լուծման նպատակով: