ՊՊԾ գունդ զինված մուտք գործած խմբի կալանավորված անդամները հնարավոր է ենթարկվեն բռնության. փաստաբան

Փաստաբան Լուսինե Հակոբյանի ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է այցելել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենք: Փաստաբանը ներկայացրել է մտավախություն, որ 2016 թվականին ՊՊԾ գունդ զինված մուտք գործած խմբի կալանավորված անդամները հնարավոր է ենթարկվեն բռնության: Այս մտավախությունն ահազանգերով ներկայացրել են նաև փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Դավիթ Գյուրջյանը և Հարություն Բաղդասարյանը: Այս մասին հայտնում են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց դատարանի շենքում գտնվող բոլոր կալանավորվածների հետ: Պարզվել է, որ նրանք բռնության չեն ենթարկվել: Այդուհանդերձ, դատարանի շենքում տեղի ունեցած առանձնազրույցների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացվել է մտավախություն բռնության կամ այլ տեսակի վատ վերաբերմունքի ենթարկվելու հնարավորության մասին: Խոսքը վերաբերում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատարին: Վերջինս, ըստ կալանավորվածների, 2017թ. հունիսի 28-ին իրենց  ծեծի է ենթարկել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում:

Հաշվի առնելով այս տեղեկությունը, փաստաբանների մտահոգությունները, ինչպես նաև զինված խմբի կալանավորված անդամների պնդումներն այն մասին, որ հենց Ոստիկանության այդ ծառայողն է նշվում՝ որպես նրանց ծեծի ենթարկող անձ, Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում Ոստիկանության այդ ծառայողի կողմից ՊՊԾ գունդ զինված մուտք գործած խմբի կալանավորված անդամներին ուղեկցելը:

Ոստիկանությունը պետք է անհապաղ բացառի Երևանի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատարի կողմից զինված խմբի կալանավորված անդամներին ուղեկցելը կամ նրանց հետ որևէ առնչություն ունենալը:

Այս հարցը կբարձրացվի նաև Ոստիկանությանն ուղղված գրությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել