Գլխավոր դատախազը՝ Արթուր Սարգսյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի ընթացքի մասին

Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 15-ին, Ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստում պատգամավորների հարցերին է պատասխանում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ո՞ր փուլում է Արթուր Սարգսյանի (Հաց բերող) մահվան փաստով հարուցված քրեական գործը:

Արթուր Դավթյանը նախ նշեց, որ Արթուր Սարգսյանը քրեակատարողական հիմնարկում չի մահացել, նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացված է եղել:

«Նա վիրահատության է ենթարկվել հիվանդանոցում, դուրս է եկել հիվանդանոցից, որից հետո մահացել է: Հարցուվել է քրեական գործ, որի նախաքննությունը դեռ չի ավարտվել: Նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն` բավականին լայն հարցերի շրջանակով և անհրաժեշտ բոլոր նյութերը, փաստաթղթերը, այդ թվում՝ ՔԿՀ-ում նրա գտնվելու ժամանակ նրան ցուցաբերված բժշկական օգնության մասին բոլոր տվյալները տրամադրվել են բժշկական հանձնաժողովին»,-նշեց Դավթյանը:

Էդմոն Մարուքյանը սակայն պնդեց, որ Արթուր Դավթյանը ՔԿՀ-ից ազատ է արձակվել արդեն այն ժամանակ, երբ շատ ծանր առողջական վիճակում էր, որից 20 օր հետո հիվանդանոցում մահացել է. «Դա չի նշանակում, որ նախաքննություն իրականացնող մարմինը, Ձեր գերատեսչությունը չունեն պատասխանատվություն՝ այս դեպքի հետ կապված: Այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես ես և պարոն Փաշինյանը գնացինք և յուրաքանչյուրս 500 հազար դրամ վճարեցինք՝ ՎՏԲ բանկի մասնաճյուղում»:

Մարուքյանի հարցին արձագանքեց Արթուր Դավթյանը. «Եթե Ձեր նշած տրամաբանությամբ շարունակենք, ապա կալանքի տակ գտնված անձի ցանկացած դեպքում ամբողջ իրավապահ համակարգը պետք է պատասխանատվության ենթարկվի, բայց դա, վստահեցնում են Ձեզ, այդպես չէ: Դրա համար է քննություն և վարույթ իրականացվում»:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել