Վարչապետն այսօր իր ընտանիքի հետ կտեղափոխվի կառավարական առանձնատուն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ կտեղափոխվի կառավարական առանձնատուն։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ երեկ՝ մայիսի 12-ի կեսգիշերին ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտնեց, որ առաջիկա ուղիղ եթերներից մեկը կլինի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված վարչապետի պետական առանձնատնից:

«Մենք տեղափոխվում ենք այդ առանձնատուն՝ մի քանի նկատառումներով։ Եվ այդ նկատառումներից մեկը հետևյալն է՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ վարչապետը պետք է ապրի այդ առանձնատանը, և եթե այդ առանձնատունը դատարկ է մնում, կարող է սիմվոլիզմ ստացվել, թե ՀՀ-ում վարչապետ չկա։

Ինչպես ՀՀ օրենքով սահմանված վարչապետի երկու նստավայրերում էլ ես աշխատում եմ։ Իհարկե, հետագայում մենք կմտածենք, թե ինչպես օրենսդրությունը փոխենք, փոխենք, թե՝ չփոխենք, բայց այս պահին, օրենսդրությամբ սահմանված կարգով,վարչապետի նստավայրերում ես աշխատում եմ և մտադիր եմ զբաղեցնել նաև վարչապետի համար նախատեսված պետական առանձնատունը։ Այս պահ դրությամբ այդ առանձնատան տարածքում բնակվում են Սերժ Սարգսյանը և ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջիկայում Սերժ Սարգսյանը կտեղափոխվի այլ տեղ, օրենքով սահմանված կարգով նրան կառաջարկվի այլ առանձնատուն:

«Կառավարության այսօրվա նիստում մենք չեղյալ արեցինք հանրապետության թիվ մեկ առանձնատունը նրան սեփականաշնորհելու մասին որոշումը։ Եվ ուրեմն, Սերժ Սարգսյանն առաջիկայում, չգիտեմ ինչ ժամկետում, ես մեկամսյա ժամկետ եմ իմ հանձնարարականում սահմանել, կտեղափոխվի այլ տեղ։

Ինչ վերաբերում է Գագիկ Հարությունյանին, օրենսդրությունից կերևա, թե ինչքանո՞վ է սահմանված, որ բարձրագույն դատական խորհրդի նախագահը բնակվի այդտեղ: Ես հիմա ոչինչ չեմ կարող ասել, ապրզապես իրավաբանների հետ դեյուրե կքննարկվի և կորոշովի»,- նշել է վարչապետը:

Փաշինյանն ասաց, որ այսօր իր ընտանիքի հետ կտեղափոխվի առանձնատուն, իսկ առաջիկայում նա ուղիղ եթերի միջոցով ցույց կտա նաև այդ առանձնատունը, որտեղ ինքը եղել է երեկ. «Դուք պետք է իմանաք, թե ինչի համար եք վճարում»,- նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել