Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նոր նախագիծ է տեղադրվել, որով սահմանվում է դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերների հանձնելու կարգը:
Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը սահմանված ժամկետում չվերադարձնելու կամ համարժեք հատուցում չվճարելու դեպքում ենթակա է հանձնման Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ֆինանսների նախարարության:
Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերների հանձնումն իրականացվում է նվիրատվության պայմանագրի հիման վրա:
Նվիրատվության պայմանագրի կնքման պահից մեկշաբաթյա ժամկետում ֆինանսների նախարարությունը այդ մասին տեղեկացնում է դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին:
Նվիրատվության պայմանագրի կնքման, իսկ դրանից բխող իրավունքները գրանցման ենթակա լինելու դեպքում իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
Ֆինանսների նախարարին՝ մեկամսյա ժամկետում մշակել նվիրատվության պայամանգրերի ձևերը:
Հիշեցնենք, որ դատական օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն՝ դատավորը չպետք է նվեր ընդունի կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա, եթե ողջամտորեն կարող է ընկալվել, որ այն կապված է իր պաշտոնեական պարտականություններն իրականացնելու հետ: Դատավորը պետք է ձգտի զերծ պահել իր ընտանիքի անդամներին և իր հետ բնակվող այլ մերձավոր ազգականների այդպիսի գործողություններից:
Սույն օրենսգրքի իմաստով՝ «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի դատավոր չհանդիսացող այլ անձի, և ընդգրկում է նաև ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, ակնհայտ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաև արտոնյալ փոխառությունը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը և այլ գործողություններ, որոնց հետևանքով անձն ստանում է օգուտ կամ առավելություն:
Եվգենյա Համբարձումյան