Մայիսի 8-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ընտրվեց ՀՀ վարչապետ 59 կողմ, 42 դեմ ձայնով: Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը կողմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Իրավաբան.net-ը ներկայացնում է ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության կողմ քվեարկած պատգամավորների կենսագրությունները:
Միհրան Պողոսյանը ծնվել է 1976թ. մայիսի 29-ին Երեւանում:
1998-2000թթ. ծառայել է ՀՀ ԱԱԾ հատուկ մարտական ստորաբաժանումում։
1998թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Տնտեսագետ։ 2006թ.՝ Մոսկվայի միջազգային անկախ էկոլոգա-քաղաքագիտական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան։ Տնտեսագիտության թեկնածու: Արդարադատության գեներալ-մայոր:
2000-2006թթ. եղել է ՀՀ ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության օպերլիազոր։ 2006-2007թթ.՝ ԼՂՀ ԱԱԾ ավագ օպերլիազոր, մայոր։ 2007-2008թթ. եղել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ։ 2008-2016թթ.՝ ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող։
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է «Օրենքի պատվար» (ՀՀ ոստիկանություն), «Համագործակցություն հանուն փրկության» (ՀՀ ԱԻՆ), «Ծառայությունների համար» եւ «Ակտիվ աջակցության համար» մեդալներով (ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայություն), «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվավոր աշխատող», «Դատական պրիստավների դաշնային ծառայության պատվավոր աշխատակից», «Քննչական գլխավոր վարչության 50-ամյակ» կրծքանշաններով։ ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր է։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։