Պաշտոնեական դիրքը չարաշահած ոստիկանության պաշտոնյայի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը ավարտվեց մեղադրական եզրակացությամբ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ  ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի նախկին տեղակալ Մուրադ Ոսկանյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները. խոչընդոտել է հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության աշխատակիցների կողմից տևական ժամանակ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի հետևանքով ծանր հանցագործության մեջ մեղադրվող հետախուզվողը չի հայտնաբերվել և չի կալանավորվել:

Այսպես, Մ. Ոսկանյանը 16.02.2018թ.-ին համապատասխան գրությամբ տեղեկացել է, որ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Սամվել Թովմասյանի որդին` Սեդրակ Թովմասյանը, դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել  է հետախուզում:

Մ. Ոսկանյանի անմիջական ենթակայության տակ գտնվող` ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում Սեդրակ Թովմասյանի նկատմամբ կազմվել է հետախուզական գործ, և ոստիկանության աշխատակիցների կողմից միջոցներ են ձեռնարկվել փախուստի մեջ գտնվող հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ:

Սակայն Մ. Ոսկանյանը, հետախուզվողի հոր` Սամվել Թովմասյանի հետ ունեցած մտերիմ հարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, 28.02.2018թ.-ին նրան նախապես զգուշացրել է որդուն հայտնաբերելու նպատակով վերջինիս բնակարան օպերատիվ խումբ ուղարկելու մասին` փորձելով այդ կերպ Ս. Թովմասյանի որդուն զերծ պահել իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվելուց: Այդ մասին տեղեկանալուց հետո հետախուզվողի հարազատները կազմակերպել են նրա փախուստը բնակության վայրից: Արդյունքում` հետախուզվողի բնակարան այցելած ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները չեն կարողացել հայտնաբերել վերջինիս:

Այնուհետև, Մ. Ոսկանյանը, Սեդրակ Թովմասյանին հնարավոր հայտնաբերումից զերծ պահելու նպատակով նույն օրը նրա հարազատներին կրկին նախազգուշացրել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հետախուզվողին հայտնաբերելու նպատակով Օշական գյուղում և հարակից բնակավայրերում, այդ թվում` մեղադրյալի բնակարան հնարավոր ստուգումներ կատարելու մասին: Այդ մասին տեղեկանալուց հետո հարազատների կողմից կազմակերպվել է Սեդրակ Թովմասյանի փախուստը բնակարանից, որի պատճառով ոստիկաններին դարձյալ չի հաջողվել հայտնաբերել հետախուզվողին:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Մ. Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դաավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել