Քննչական մարմիններն ապաքաղաքական մարմիններ են և ծառայողները չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածն ուղղակի սահմանում է, որ Քննչական կոմիտեի ծառայողը յուրաքանչյուր պարագայում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:
«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, որը սահմանում է Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները, ուղղակի ամրագրում է, որ «Դատավորները, դատախազները, քննիչները, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերեն»։ Վերջիններս իրավունք չունեն կազմակերպելու այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել իրենց քաղաքական չեզոքությունը։
Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հարթակ է բարձրացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչը և հանդես եկել քաղաքական հայտարարությամբ։
Անընդունելի համարելով քննիչների կողմից քաղաքական գործընթացներին որևէ ձևով միջամտելն ու մասնակցությունը՝ ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստվում է ծառայողական քննություն։
Քննչական մարմինները ՀՀ Սահմանադրության 178-րդ հոդվածի համաձայն կոչված են կազմակերպել և իրականացնել մինչդատական քրեական վարույթը, ինչը և կատարել, կատարում և կատարելու է Քննչական կոմիտեն։