Ո՞ր տեղեկատվությունն է համարվում ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք

Աշխատանքային գործառույթներ իրականացնելիս հաճախ առնչվում ենք այնպիսի տեղեկատվության հետ, որի հրապարակումը կարող է մեծ վնաս հասցնել տեղեկատվությունն ունեցողին և արգելվում է օրենքով: Այդպիսի տեղեկատվություն է համարվում նաև ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունը:

 

Տեղեկատվությունը ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք է, եթե այն երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք, չկա օրինական հիմքերով այն ազատորեն ստանալու հնարավորություն և տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար:

 

Այդ տեղեկություններն օրինաչափ տիրապետող անձն իրավունք ունի դրանք պահպանել ապօրինի օգտագործումից, եթե պահպանված են վերը նշված պայմանները, և այդ իրավունքը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են նախատեսված պայմանները:

 

Չբացահայտված տեղեկատվությունն ապօրինի օգտագործումից պահպանելու իրավունքը ծագում է անկախ այդ տեղեկատվության նկատմամբ որևէ ձևականություն կատարելուց (գրանցելուց, վկայական ստանալուց և այլն):

 

Տեղեկությունները, որոնք չեն կարող ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք լինել, սահմանվում են օրենքով: Չբացահայտված տեղեկատվության պահպանության կանոնները չեն կիրառվում այն տեղեկությունների նկատմամբ, որոնք օրենքին համապատասխան չեն կարող լինել ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք (իրավաբանական անձանց, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին, պետական վիճակագրական հաշվետվության տեղեկությունները և այլն):

 

«Ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունն ապօրինի եղանակներով ստացած անձինք պարտավոր են հատուցել պատճառված վնասները: Նման պարտականություն է դրվում նաև քաղաքացիական-իրավական կամ աշխատանքային պայմանագրի խախտմամբ ծառայողական, առևտրային կամ բանկային տեղեկատվություն հրապարակած և (կամ) օգտագործած պայմանադիր կողմերի վրա»- Իրավաբան.net-ին տեղեկացնում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել