ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կոչ է անում քաղաքական ուժերին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից։
Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։
«Նկատի ունենալով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին դպրոցահասակ երեխաների և դեռահասների ներգրավման հրապարակային կոչերը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հորդորում է քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից:
Միաժամանակ, կոչ ենք անում ծնողներին, հաշվի առնելով դպրոցահասակների անվտանգության խնդիրը և տարիքային առանձնահատկություններին բնորոշ զգացմունքայնությունը, դրսևորել հետևողականություն և, համագործակցելով ուսումնական հաստատությունների հետ, բացառել սովորողների անուշադրության տիրույթում հայտնվելու հնարավորությունը»,-ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» շարժման նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում ընթանում են հանրահավաքներ՝ ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության, ով Ազգային ժողովի հատուկ նիստում 77 կողմ, 17 դեմ ձայների համամասնությամբ ՀՀ վարչապետ է ընտրվել։