Երևանի փողոցներում Սերժ Սարգսյանի վարչապետության կասեցման դեմ ցույցեր են ընթանում։ Իրավաբան.net-ը դրանց պատճառների մասին խոսել է ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ։ «Պարզ է, որ մեր երկիրը իդեալական չէ, մենք շատ խնդիրներ ունենք և հնարավոր է, որ կան դժգոհողներ։ Ես կարծում եմ, որ տարիների ընթացքում մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այդ մարդկանց դժգոհություններն էլ ի չիք դառնան։ Բայց այդ շերտերի մեջ նաև շատ տարբեր հակասություններ կան, ես չէի ուզում դրան անդրադառնալ, բայց շատ երիտասարդներ կան, որոնք չեն հասկանում՝ ու՞ր են գնում և ինչ են անում։ Սա հետևանքն է 2017 թվականի ընտրությունների»,-այսօր՝ ապրիլի 17-ին Ազգային ժողովում Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցում ասաց Կարինե Աճեմյանը։
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք արդարացվում է և իրավաչափ է ոստիկանների գործողությունները, պատգամավորը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ մեր ոստիկանները շատ ավելի հանդուրժող են։ Տեսեք եվրոպական երկրներում միտինգների, ցույցերի ժամանակ ինչ է կատարվում, երբ ոստիկանի նկատմամբ բռնություն է կիրառվում։ Իսկ մենք տեսանք, որ քարեր նետեցին։ Եվրոպական երկրներում ոստիկանները անմիջապես արձագանքում են։ Մեր ոստիկանները շատ ավելի հանդուրժող են։ Եթե օրենքի խախտում է, ապա նրանք պարտադիր պետք է արձագանքեն»,-ասաց Աճեմյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճի դռների մոտ մետաղորսիչ սարքեր էին տեղադրված, հարցին, թե ո՞րն էր դրանց տեղադրման պատճառը՝ նա պատասխանեց, որ հնարավոր է երկու գործոնի առկայություն լինի՝ ինչպես դրսում ընթացքող ցույցերը, այնպես էլ Սերժ Սարգսյանի ԱԺ ժամանելը․ «Մենք պետք է անվտանգության կանոնները պահպանենք, իսկ այն, որ այսօր կարող են լինել նաև սադրիչ դեպքեր՝ փաստ է»,-հավելեց նա։