Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Արտերկրում բնակվող ֆրանսիացիներին ներկայացնող սենատոր Օլիվիե Կադիքին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
Հանրապետության նախագահը գոհունակությամբ նշել է, որ ֆրանսիացի խորհրդարանականների այցերը Հայաստան արդեն բարի ավանդույթ են դարձել, ինչը մեր երկրների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների լավագույն դրսևորումներից է:
Զրուցակիցները կարևորել են աշնանը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ ֆրանկոֆոնիան Հայաստանի համար միայն լեզվական կամ մշակութային ընդհանրությունների շուրջ ձևավորված կառույց չէ, այլ ավելի լայն ընդգրկման միավորում, նկատի ունենալով գագաթաժողովի շրջանակներում կայանալիք ֆրանկոֆոն երկրների գործարարների ֆորումը և ֆրանկոֆոն գործարար ցանցի ստեղծումը:
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի ջանքերը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, Արցախի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման և մեր տարածաշրջանում անվտանգության, կայունության ամրապնդման ու համագործակցության զարգացման ուղղությամբ:
Սենատոր Կադիքը ներկայացրել է արտերկրում բնակվող ֆրանսիացիներին Սենատում ներկայացնելու համակարգը, արտերկրում ֆրանսիական կազմակերպությունների փոխգործակցության մեխանիզմները: