Ցուցարարները մտել են Հանրային ռադիոյի շենք

Ժամեր շարունակ Ֆրանսիայի հրապարակը փակ պահելուց հետո ԱԺ պատգաավոր Նիկոլ Փաշինյանը առաջարկեց, որ քանի դեռ ցեեկային ժամ է, հանրահավաքի ժամ չէ, երթ կանեն, ցույց տալու իրենց հզորությունը, միասնությունը. «Կվերադառնանք այստեղ, 16.30-ին կհասկանանք, թե որտեղ են ՀՀԿ-ականները, որ շրջափակենք»:

Երթի կեսից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և մի շարք քաղաքացիների ուղեկցությամբ մտել են Հայաստանի հանրային ռադիոյի շենք:

«Ես կարծում եմ, որ մենք այս գործողությամբ անհարմարություն ենք ձեզ պատճառում: Ես ներողություն եմ խնդրում հանրային ռադիոյի բոլոր աշխատակիցներից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրանք վարում էին «բաց ձեռքերի» քաղաքականությունը: Շենք մտնելիս շենքը հսկող ոստիկանը փորձեց խոչընդոտել նրանց մուտքը, սակայն դա չստացվեց: Մասնակիցները ձեռքերը վեր բարձրացրած մտան շենք, կոտրվել է երրորդ հարկի մուտքն ապահովող փակ դռներից մեկը, և այս պահին նրանք գտնվում են ռադիոյի ստուդիաներից մեկում:

Պատգամավորն այժմ ռադիոյից եթեր է խնդրում՝ հասարակությանը ուղերձ հղելու համար:

Նա նշեց, որ ակցիա են իրականացնում և չեն կարող ասել, թե որքան ժամանակ կմնան այդ տարածքում: «Դա կարող է լինել կես ժամ կամ երեք օր, ես չեմ կարող ասել, մենք ակցիա ենք իրականացնում»,-ոստիկանի շենքից դուրս գալու հորդորներին պատասխանեց Փաշինյանը:

15:37

Նիկոլ Փաշինյանը հեռախոսով կապ հաստատեց Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ՝ ուղիղ եթեր խնդրելով նրանից. «Խնդրում եմ, Մա՛րկ, մտածի՛ր և ուղիղ եթեր տուր»,- իր խոսքում նշում էր  Փաշինյանը:

Հանրային ռադիոյի ղեկավարի տեղակալը մոտեցավ Նիկոլ Փաշինյանին: «Մենք առաջարկում ենք ձեզ ուղիղ եթեր տրամադրել ժամը 7-ին, հաղորդման տեսքով, երբ ներկա կլինի հաղորդավարը, հարց ու պատասխանի տեսքով ձեզ կտրամադրվի եթերը»,-ասաց նա:

Պատգամավորը, սակայն, հրաժարվեց առաջարկից՝ նշելով, որ իրենց ուղիղ եթերը հենց այդ պահին է պետք:

15:57

Հանրային ռադիոյի շենքում էլեկտրականաությունը անջատվեց:

16:35

Քանի որ Փաշինյանին ուղիղ եթեր չտրամադրեցին, իսկ շենքում էլեկտրականությունն անջատվել էր, նա մի քանի րոպե ժամանկ խնդրեց ներկա լրագրողներից՝ իր ուղարձը պատրաստելու և նրանց ներկայացնելու համար:

Իր ուղերձը սկսելով` Նիկոլ Փաշինյանը նշեց, որ « Իմ քայլը» նախաձեռնությունը մուտք է գործել Հանրային ռադիո ՝ բողոքելով, որ Հանրային հեռուստատեսությունը և մյուսները ինֆորմացիոն բլոկադայի տակ են պահում իրենց:

Նա կոչ արեց այսօր 18:30-ին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում և տեր կանգնել իրենց պատկանող հաղթանակին:

Նրանք դուրս եկան շենքից և շարունակեցին իրենց քայլերթը՝ Երևանի փողոցներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել