«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է, թե որոնք են տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելելու հիմքերը:
Այսպիսով, տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելվում է, եթե`
- ա) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է ոչ սթափ վիճակում.
- բ) վարորդը զրկված է տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից.
- գ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի.
- դ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է` իր մոտ չունենալով վարորդական իրավունքի վկայական.
- ե) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ կամ ուժը կորցրած վարորդական իրավունքի վկայականով.
- զ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց վարորդական վկայականում նշված փաստաթղթերի կամ պարագաների.
- է) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ հաշվառման վկայագրով կամ առանց հաշվառման վկայագրի.
- ը) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ, փոխված կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշներով (ժամանակավոր համարանիշների դեպքում` նաև ժամկետանց համարանիշներով) կամ առանց հաշվառման համարանիշների.
- թ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի.
- ժ) տրանսպորտային միջոցը կամ տրանսպորտային միջոցի ներսում գտնվող անձը գտնվում է հետախուզման մեջ, կամ կան հիմնավոր կասկածներ, որ տրանսպորտային միջոցով կատարվել է հանցագործություն, կամ դրա մեջ գտնվում են հանցագործություն նախապատրաստող, կատարող կամ կատարած անձինք.
- ժա) տրանսպորտային միջոցն օրենքով սահմանված ժամկետում չի անցել տեխնիկական զննություն, կամ սահմանված կարգով փակցված չէ տվյալ տարվա տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը.
- ժբ) տրանսպորտային միջոցն անօրինական վերասարքավորված է.
- ժգ) տրանսպորտային միջոցը պատճառ է դարձել այնպիսի ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման համար, որի հետևանքով մարդու կյանքին կամ առողջությանը պատճառվել է վնաս, կամ այդպիսի պատահարի մասնակիցն է.
- ժդ) սահմանված կարգով մուծված չէ այլ պետություններում հաշվառված, ինչպես նաև ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով (բեռով կամ առանց բեռի) տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար նախատեսված ճանապարհային վճարը.
- ժե) տրանսպորտային միջոցն առանց համապատասխան թույլտվության կահավորված է առկայծող փարոսիկներով և (կամ) հատուկ ձայնային ազդանշաններով, կամ տրանսպորտային միջոցի թափքի արտաքին մակերևույթի վրա առանց համապատասխան թույլտվության փակցված են գունագծապատկերներ, գրառումներ և այլ նշումներ, կամ դրանք չեն համապատասխանում օրենսդրության կամ ստանդարտների պահանջներին.
- ժզ) տրանսպորտային միջոցը կահավորված է կեղծված, փոփոխված (ջնջված) համարներ ունեցող ագրեգատներով կամ հանգույցներով.
- ժէ) բացակայում են վարորդի աչքը կամ վերին կամ ստորին վերջույթը, դաստակը կամ ոտնաթաթը, կամ առկա են շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտում, ինչպես նաև ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումներ և արատներ, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման, բացառությամբ տվյալ անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի:
2. Շահագործումն արգելվում է նաև այն ավտոմոբիլների, ավտոբուսների, ավտոգնացքների, կցորդների, մոտոցիկլերի, մոպեդների, մոտոսայլակների, տրակտորների և այլ ինքնագնաց մեքենաների, որոնց տեխնիկական վիճակը և կահավորվածությունը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկին:
3. Երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող կամ կայանումն արգելված տեղերում կանգնած տրանսպորտային միջոցները տեղափոխվում են հատուկ տարածք, եթե վարորդը տեղում չէ կամ հրաժարվում է վերացնել խոչընդոտը կամ կայանման կաննոնների խախտումը:
4. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքում տրանսպորտային միջոցի հետախուզում հայտարարում են ոստիկանության պետը (տեղակալները) կամ ոստիկանության պետի լիազորած պաշտոնատար անձինք:
5. Տրանսպորտային միջոցի հետախուզում կարող է հայտարարվել, երբ տվյալ տրանսպորտային միջոցով կատարվել է իրավախախտում: