ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են քաղաքացիներից՝ հանցավոր խմբի կազմում խարդախությամբ տարբեր արժեքավոր իրեր հափշտակելու մի շարք դեպքեր:
2018 մարտի 1-ին Աբովյան քաղաքի մի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ ինտերնետային կայքերից մեկում հայտարարություն էր տեղադրել իր «MSI 1080 TI» մոդելի տեսակրիչի վաճառքի վերաբերյալ, որից հետո իրեն զանգահարել է մի քաղաքացի և ներկայացել որպես գնորդ, սակայն խաբեությամբ հափշտակել է իր խոշոր չափերի արժողության տեսակրիչը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացավում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում: Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հափշտակությունը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պարզվել մեխանիզմը, բացահայտվել նույն խմբի կողմից կատարված հափշտակության ընդհանուր առմամբ 7 դրվագ։
Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ծանոթացել են «List.am» ինտերնետային կայքում քաղաքացիների՝ տարբեր իրեր վաճառելու հայտարարություններին: Այնուհետև՝ զանգահարելով ներկայացել են որպես գնորդ և գնելու նպատակով քաղաքացիներից տարբեր անձանց միջոցով վերցրել են ապրանքները, սակայն գումարը չեն վճարել, իսկ ապրանքը՝ հափշտակել։ Նման մեխանիզմով քաղաքացիներից խաբեությամբ հափշտակվել են հիմնականում բջջային հեռախոսներ, նոթբուքեր, ոսկյա զարդեր:
Քննությամբ պարզվել է խմբի անդամներից մեկի ինքնությունը՝ Անդրանիկ Ղազարյանը, ով, ըստ նախնական տվյալների, առնչություն ունի նաև «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Սպարտակ Դանիելյանի հետ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Անդրանիկ Ղազարյանը ներգրավվել է որպես կասկածյալ: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ խմբի գործողություններից հնարավոր է տուժել են նաև այլ անձինք։ Խնդրում ենք այն անձանց, ովքեր տուժել են լուսանկարում պատկերված անձի գործողություններից, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ խմբի բոլոր անդամների ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: