Ե՞րբ ձեզ կարող են ազատել կամ հեռացնել զինվորական պատրաստությունից

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանվել է բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու կարգը:

Զինվորական պատրաստության նպատակն է պայմանագիր կնքած քաղաքացիներին հետագա զինվորական ծառայության համար անհրաժեշտ ռազմական գիտելիքներով ապահովելը:

Զինվորական պատրաստությունը կազմակերպվում է.

1) դասակի հրամանատարների պաշտոնների համալրման պատրաստությունը՝ նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ մոտոհրաձգային, հրաձգային կամ հրետանային դասակների հրամանատարների պատրաստման ծրագրերով.

2) բժշկական մասնագիտացում պահանջող պաշտոնների համալրման պատրաստությունը՝ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում՝ ռազմաբժշկական պատրաստության ծրագրերով:

Նշված զինվորական պատրաստության ժամկետը 2 տարի 6 ամիս է՝ բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության 3-րդից 7-րդ կիսամյակների ընթացքում, համապատասխան ռազմաուսումնական հաստատության ղեկավարի կողմից հաստատված դասացուցակով, սակայն ոչ ավելի, քան շաբաթվա մեկ օրվա ընթացքում 7 ժամ:

Զինվորական պատրաստության ժամկետը 2 տարի 6 ամիս է՝ նախարարության առաջարկությամբ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի կողմից սահմանված կիսամյակների ընթացքում և օրերին:

Զինվորական պատրաստության ուսումնական ծրագրերը մշակվում և հաստատվում են նախարարության կողմից: Ուսումնական ծրագրերը ներառում են նաև միջանկյալ ստուգարքները և ավարտական քննությունը: Զինվորական պատրաստության ընթացքում քաղաքացիները հանձնում են միջանկյալ ստուգարքներ: Յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտից հետո քաղաքացիները նախարարության ռազմաբժշկական հաստատությունում անցնում են բժշկական հետազոտություն և փորձաքննություն:

Զինվորական պատրաստությունն ավարտվում է ուսումնական ծրագրով նախատեսված  պաշտպանության նախարարության զորամասերում մինչև 30 օր տևողությամբ ուսումնական հավաքներով, որից հետո քաղաքացիները հանձնում են զինվորական պատրաստության գծով ավարտական քննություններ:

Զինվորական պատրաստության ընթացքում քաղաքացիներն ապահովվում են զինվորական համազգեստով, անհրաժեշտ ուսումնական նյութերով: Քաղաքացիների կողմից զինվորական պատրաստությանը մասնակցելու տրանսպորտային ծախսերը չեն փոխհատուցվում: Զինվորական պատրաստության ներգրավման օրերին քաղաքացիներն ապահովվում են մեկանգամյա սննդով:

Քաղաքացին զինվորական պատրաստությունից ազատվում է՝

1) իր հետ կնքած պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դիմում ներկայացնելու դեպքում.

2) նախարարության ռազմաբժշկական հաստատությունում բժշկական հետազոտության և փորձաքննության արդյունքներով ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում.

3) բարձրագույն ուսումնական հաստատությունից անկախ պատճառներից ազատվելու և/կամ հեռացվելու դեպքում:

Քաղաքացին զինվորական պատրաստությունից հեռացվում է՝

1) մեկ ուսումնական տարվա ընթացքում զինվորական պատրաստության ծրագրից անկախ պատճառներից 32 ակադեմիական ժամից ավելի բացակայելու կամ սույն կարգի 6-րդ կետում նախատեսված ուսումնական հավաքին 3 օրացուցային օրից ավելի չմասնակցելու դեպքում.

2) զինվորական պատրաստություն անցնելու ժամանակ ռազմաուսումնական հաստատության ներքին կարգ ու կանոնը չպահպանելու (անկարգապահության) պատճառով.

3) զինվորական պատրաստության միջանկյալ ստուգարքների կամ ռազմական պատրաստության գծով ավարտական քննությունների արդյունքում անբավարար առաջադիմություն ցուցաբերելու դեպքերում:

         Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել