Կառավարության այսօրվա օրակարգային հարցերից մեկը վերաբերում է կառավարության 1994 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների՝ պահեստազորի սպաների ծրագրով ռազմական պատրաստության հիմնադրույթները և այդ բուհերի ցանկը հաստատելու մասին» N 232 որոշումը ուժը կորցրած լինելուն:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում քաղաքացիների կողմից օրենքով սահմանված դեպքերում զինվորական պատրաստություն անցնելու հետ կապված հարաբերությունները սահմանելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 22.02.2018թ. N 168-Ա որոշմամբ հաստատված ցանկի 5-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:
Մինչև 2017 թվականի դեկտեմբերին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) ուժի մեջ մտնելը, բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվել են ՀՀ կառավարության 1994 թվականի մայիսի 19-ի N 232 որոշմամբ, որի պահանջների համաձայն քաղաքացիները ռազմական պատրաստություն անցնում էին բուհի ռազմական ամբիոնում, իսկ նոր իրավակարգավորման շրջանակներում նախատեսվում է օրենքով սահմանված դեպքերում զինվորական պատրաստություն անցնելու գործընթացն իրականացնել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատություններում:
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի քաղաքացիների կողմից օրենքով սահմանված դեպքերում զինվորական պատրաստություն անցնելու գործընթացի պատշաճ կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները: