Երկու հիվանդանոց կլուծարվի

Կառավարության այսօրվա նիստին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է որոշման նախագծեր, որոնցով նախատեսվում է «Վարդենիսի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և  «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարել:

Նախագծի համաձայն՝ «Սիսիանի բժշկական կենտրոն»-ի գույքը  կամրացնել պաշտպանության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկին (այսուհետ՝ հոսպիտալ) հանձնելու նպատակով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` հիվանդանոց) ունի հետևյալ հիմնախնդիրները՝

– թույլ լաբորատոր և ախտորոշիչ գործիքային համալրվածություն, առկա սարքավորումները հին են,

– չի ապահովում արդի բժշկական օգնության համապատասխան մակարդակ և որակ:

Հիվանդանոցը և հոսպիտալն առօրյա գործունեության ընթացքում հաճախ կրկնում են տարածաշրջանի բնակչության ստացիոնար բժշկական օգնության գործառույթները, երբեմն նաև խանգարելով մեկմեկու: Հիվանդանոցի հաստիքների համալրումը բավականին մեծ խնդիրներ է առաջացնում, կապված հեռու տեղակայման ու ցածր վարձատրության հետ: Երկու բժշկական կազմակերպությունների անջատ գործելու արդյունքում փոշեցրվում է տարածաշրջանի առանց այդ էլ սակավաթիվ բժշկական ներուժը:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի տարածաշրջանի բնակչության առավել որակյալ և անվտանգ հիվանդանոցային բուժսպասարկում, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման ժամանակ բնակչության բուժապահովման արդյունավետության բարձրացումը, առկա բժշկական ներուժի առավել արդյունավետ օգտագործումը:

Նախագծի համաձայն՝ «Վարդենիսի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության գույքը կհանձնվի  պաշտպանության նախարարության «Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկին (այսուհետ՝ հոսպիտալ) հանձնելու նպատակով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ «Վարդենիսի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունն (այսուհետ` հիվանդանոց) ու ՀՀ ՊՆ Գեղարքունիքի կայազորային հոսպիտալը (այսուհետ՝ հոսպիտալ) գործում են մեկ տարածքում, Վարդենիսի ազգաբնակչության շրջանում բարդ վիրաբուժական դեպքերի գրեթե 30%-ը սպասարկվում է հոսպիտալի կողմից: Հիվանդանոցի ցածր շահութաբերության պատճառով երկար տարիներ, բացի ընթացիկ նորոգումներից, հիվանդանոցում որևէ այլ շինարարական աշխատանքներ չեն իրականացվել, որի կապակցությամբ հիվանդանոցի շենքը կարիք ունի կապիտալ վերանորոգման: Բացի այդ, հիվանդանոցն ունի հետևյալ հիմնախնդիրները՝

– կադրային ցածր համալրվածություն, հատկապես նեղ մասնագետների առումով,

– թույլ լաբորատոր և ախտորոշիչ գործիքային համալրվածություն, առկա սարքավորումները առնվազն 20-25 տարեկան են,

– չի ապահովում արդի բժշկական օգնության համապատասխան մակարդակ և որակ:

Հիվանդանոցը և հոսպիտալն առօրյա գործունեության ընթացքում հաճախ կրկնում են տարածաշրջանի բնակչության ստացիոնար բժշկական օգնության գործառույթները, երբեմն նաև խանգարելով մեկմեկու: Հիվանդանոցի հաստիքների համալրումը բավականին մեծ խնդիրներ է առաջացնում, կապված հեռու տեղակայման ու ցածր վարձատրության հետ: Երկու բժշկական կազմակերպությունների անջատ գործելու արդյունքում փոշեցրվում է տարածաշրջանի առանց այդ էլ սակավաթիվ բժշկական ներուժը:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի տարածաշրջանի բնակչության առավել որակյալ և անվտանգ հիվանդանոցային բուժսպասարկում, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման ժամանակ բնակչության բուժապահովման արդյունավետության բարձրացումը, առկա բժշկական ներուժի առավել արդյունավետ օգտագործումը, կլուծվեն տարածաշրջանի բնակչության մի շարք սոցիալական խնդիրներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել