Երևանում սպանություն է կատարվել. կնոջը կողոպտել են

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է,  որ 70-ամյա կինը մահացել է ոչ թե սիրտ-թոքային անբավարարության հետևանքով, այլ դարձել է բռնության զոհ։

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

2018թ. հունվարի 15-ին` ժամը 01:40-ին, «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչուհու դին:  Պարզվել է, որ տուժողը բնակվել է միայնակ։ Դուստրը նյութերի նախապատրաստման փուլում հայտնել է, որ մոր բնակարան գնացել է հունվարի 14-ի ուշ երեկոյան, որի  դուռը գտնվել է ոչ կողպված վիճակում։ Դեպքից  հետո բնակարանում ուսումնասիրություններ կատարելու ընթացքում  հայտնաբերել է, որ բացակայում են ոսկյա և արծաթե զարդեր, ինչպես նաև` արծաթե իրեր:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում վարույթն իրականացնող մարմինն ստացել է կնոջ մահվան վկայականի պատճեն, համաձայն որի` նրա մահը վրա է հասել սիրտ-թոքային անբավարարությունից:

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի ՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կնոջ բնակարանից գողություն կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով։ Մշակվել է քննչական պլան և ձեռնարկվել  անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կատարված գողությունը բացահայտելու ուղղությամբ։ Բացի այդ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ կնոջ մահվան բոլոր հանգամանքները պարզելու համար:

Նախաքննության ընթացքում ստացվել է նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ հայտնաբերվել են բռնության հետքեր։ Մասնավորապես՝ թիվ 0078 փորձաքննության եզրակացության համաձայն՝ տուժողի մոտ հայտնաբերվել են  ենթալեզվային ոսկրի հարակից փափուկ հյուսվածքների ու վահանագեղձի բազմաթիվ մանր ու թարմ արյունազեղումներ, ձախից 2-3-4-րդ և աջից 2-3-րդ կողոսկրերի միջին անրակային գծով անուղղակի կոտրվածքներ, որոնք պատճառվել են կենդանության օրոք՝ մահվանից մոտ մինչև 2 ժամ առաջ, բութ առարկայի /ների/ ներգործությամբ, որոնք ուղեկցվել են սուր շնչական անբավարարությամբ։ Ըստ փորձագետների՝ նշված վնասվածքները պարունակում են առողջությանը պատճառված ծանր վնասի հատկանիշներ, որոնք հանգեցրել են մահվան:

Հաշվի առնելով, որ քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնաբերվել են կնոջը կյանքից դիտավորությամբ ապօրինաբար զրկելու առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և որոշում է կայացվել՝ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին:

Քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական համալիր միջոցառումներ՝ տարեց կնոջ սպանությունը բացահայտելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել