26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ Երևանի բնակչուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակչուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդի:

Փետրվարի 24-ին Երևանի 33-ամյա բնակչուհուց ահազանգ էր ստացվել, որ հարձակման է ենթարկվել իր բնակարանում, որի ժամանակ հափշտակել են իր «Այֆոն 8» տեսակի բջջային հեռախոսը և կանխիկ գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, կինը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված լայնածավալ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 1991թ.։

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տուժողը հանդիսանում է անհատ ձեռներեց և զբաղվում մատնահարդարմամբ, վարսահարդարմամբ, բուժական մերսմամբ։ Դեպքին նախորդող  օրը տուժողին զանգահարել է մի անձ և ներկայանալով որպես  հաճախորդ՝ պայմանավորվություն է  ձեռք բերել՝ նրա մերսման ծառայությունից օգտվելու վերաբերյալ։ Այնուհետև հաճախորդը գնացել է տուժողի  բնակարան, որտեղ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կնոջից հափշտակել է նրա «Այֆոն 8» տեսակի բջջային հեռախոսը, 192 հազար դրամ, ապա՝  դիմել փախուստի:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել