Աղքատ տնային տնտեսություններից, որտեղ ապրում են երեխաները, 65.3 տոկոսն ընդգրկված չեն ընտանեկան նպաստի համակարգում, իսկ ծայրահեղ աղքատ տնային տնտեսությունների՝ 40.7%-ը. ՄԻՊ

Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» 2016-ի վիճակագրական վերլուծական զեկույցի տվյալների համաձայն` Հայաստանում երեխաների 2.5 տոկոսը 2015 թվականին ապրել է ծայրահեղ աղքատության, իսկ 33.7 տոկոսը` աղքատության մեջ: 2016թ-ին երեխաների 2%-ն ապրել է  ծայրահեղ աղքատության, իսկ 34.2%-ն` աղքատության մեջ:  2017 թվականին իրավիճակը զգալի առաջընթաց չի ապրել:

Համաձայն  Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ « 2017-ի ընթացքում Հայաստանի  Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման» Հայաստանում երեխաների իրավունքների բաժնում զետեղված տեղեկատվության՝ աղքատությունը Հայաստանում երեխաների իրավունքների խախտումների հիմնական պատճառներից է:

 Չնայած նրան, որ Հայաստանում թե՛ ներպետական, թե՛ միջազգային իրավական ակտերով կարևորվում է երեխայի սոցիալական ապահովության իրավունքը: Այսպես. ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածով ամրագրված  է, որ  պետության քաղաքականության հիմնական խնդիրներից է երեխաների անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը, իսկ  «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով՝ ամրագրված է նաև երեխայի անհրաժեշտ կենսամակարդակի իրավունքը: Այսինքն, որ  յուրաքանչյուր երեխա իր ֆիզիկական, մտավոր, հոգևոր, բարոյական և սոցիալական զարգացման համար անհրաժեշտ կենսամակարդակի իրավունք ունի: Ըստ Կոնվենցիայի 27-րդ հոդվածի՝  պետությունը պետք է ծնողներին և երեխային դաստիարակող այլ անձանց օգնություն ցույց տա և հարկ եղած դեպքում ցուցաբերի նյութական աջակցություն ու սատարում հատկապես՝ սննդով,հագուստով և բնակարանով ապահովելու ծրագրերով։

Հիշեցնենք, որ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, օրերս «Հայկական Ժամանակին» տված հարցազրույցում  սահմռկեցուցիչ իրականություն էր հայտնել՝ նշելով, որ լինում են դեպքեր, երբ հիվանդանոց են ընդունվում սովից  ծայրահեղ հյուծված երեխաներ, որոնց կյանքը փրկել հնարավոր չի լինում:

Վերոնշյալ զեկույցի համաձայն՝ 2016 թվականին երեխաներ ունեցող տնային տնտեսությունների 24.0%-ը ստացել է ընտանեկան նպաստ, այդ թվում` ընտանեկան նպաստ ստացել է աղքատ տնային տնտեսությունների 34.7%-ը, ծայրահեղ աղքատների`50.3%-ը և ոչ աղքատների` 18.5%-ը: Ըստ որում,  տվյալները ներառում են  տալի մանկական աղքատության տարբերություններն ըստ սեռի. աղքատ է աղջիկների 36.1 և տղաների՝ 32.4%-ը (բոլոր երեխաների 34.2%-ը):

Ըստ ՄԻՊ-ի՝ ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաները թիվը նվազել է, սակայն աճել է աղքատության մեջ ապրող երեխաների թիվը: Այսպես, աղքատ տնային տնտեսություններից, որտեղ ապրում են երեխաները, 65.3 տոկոսն ընդգրկված չեն ընտանեկան նպաստի համակարգում, իսկ ծայրահեղ աղքատ տնային տնտեսությունների՝ 40.7%-ը: Համակարգում չընդգրկվելու տնային տնտեսությունների չհաշվառման հիմնական պատճառն այն է, որ ընտանիքների շուրջ 51%-ն իրեն աղքատ չի համարել և չի դիմել նպաստ ստանալու համար: Մինչդեռ, չհաշվառվածների 6.7%-ը նպաստ ստանալու համար չի դիմել, քանի որ կարծել է, որ չի հանդիսանում համակարգի շահառու:

ՀՀ-ում երեխաների աղքատությանը դեռևս 2013 թվականի ՀՀ-ի վերաբերյալ իր ամփոփիչ դիտարկումներում անդրադարձել է նաև Երեխայի իրավունքների կոմիտեին` նշելով, որ պետք է շարունակել պայքարն աղքատության դեմ՝ ապահովելով նպաստների համակարգերի մեջ բոլոր խոցելի ընտանիքների ընդգրկումը՝ ապահովելով պետական օժանդակության հասանելիությունը նրանց համար, և բարձրացնելով առկա նպաստների մասին իրազեկվածությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել