2017 թվականի հունվարի 8-ին հարուցվել է քրեական գործ` Ալավերդի քաղաքի բնակիչ Գագիկ Վերանյանի կողմից «ՅՈՒՆԵՍԿՈՅՕ»-ի համաշխարհային մշակութային արժեքների ցանկում ընդգրկված Սանահինի միջնադարյան վանական համալիրի պահպանման գոտում ապօրինի գերեզման կառուցելու կապակցությամբ կատարված աշխատանքների ընթացքում Զաքարյան իշխանների դամբարանի ամբողջականությունը և դամբարանի անմիջական գոտին խախտելու, ինչպես նաև ննջեցյալների տապանաքարերը քանդելու դեպքերի առթիվ:
Գործը քննվում էր Լոռու ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:
Գագիկ Վերանյանը «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի համաշխարհային մշակութային ժառանգության արժեքների ցանկում ընդգրկված, պետության պահպանության տակ գտնվող, առանձնակի արժեք ունեցող, պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող Սանահինի վանական համալիրի պահպանման գոտու տարածքում` Զաքարյան իշխանների դամբարան-մատուռ տանող ճանապարհի վրա 2017 թվականի հունիսի 19-ին հոր` Վանիչկա Վերանյանի մահից հետո կատարել Է հանգուցյալ հոր հուղարկավորությունը, ապա օրեր անց` հունիսի 26-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, նույն վայրում ցեմենտ-ավազե շաղախով ապօրինի կառուցել Է գերեզման, որի հետևանքով վնասել Է առանձնակի արժեք ունեցող, պատմության և մշակույթի վերը նշված հուշարձանը, այդ թվում խաթարվել Է պատմական միջավայրը, արժեզրկվել Է հուշարձանը և դրա գեղարվեստական ընկալումը։
Առաջին ատյանի դատարանը որոշել է ամբաստանյալ Գագիկ Վերանյանին մեղավոր ճանաչել և նրան դատապարտել տուգանքի` 350.000 դրամի չափով:
Տուգանքի վճարումը տարաժամկետվել է, ամբաստանյալին թույլատրվել տուգանքը վճարել մաս-մաս 10 ամսվա ընթացքում, ամսական 35.000 դրամ:
Դատավճիռը կայացվել է 2018 թվականի ապրիլի 6-ին: Այն կարող է բողոքարկվել վերքննիչ դատարան:
Եվգենյա Համբարձումյան