ՊԲ-ի 2018 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ ապրիլի 2-ից 6-ը կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի հիմքի վրա անց են կացվել հրամանատարական հավաքներ, որոնց ներգրավվել են ՊԲ-ի բոլոր զորամասերի հրամանատարները` իրենց տեղակալներով: Անցկացվող միջոցառումը գտնվել է Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ-ի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի անմիջական վերահսկողության տակ:
Հնգօրյա պարապմունքների ծրագիրը հագեցած էր խմբային վարժանքներով, սեմինար և ցուցադրական պարապմունքներով: Հավաքների ընթացքում, մասնակիցների համար տեսական ու գործնական բնույթի տարաբնույթ պարապմունքներ են անցկացրել բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը:
Մասնավորապես շոշափվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մարտավարությունն ու մարտի համակողմանի ապահովումը` ցերեկային ու գիշերային ժամերին, կրակային և ֆիզիկական պատրաստության հարցերը, զորատեսակների և ծառայությունների արդյունավետ փոխգործակցության կազմակերպումն ու ստորաբաժանումների ներդաշնակ գործողությունների առանձնահատկությունները:
Հավաքների ավարտին իմի են բերվել արդյունքները, և ըստ այդմ բոլոր մասնակից հրամանատարները վերադաս հրամանատարության կողմից ստացել են համապատասխան մեթոդական ցուցումներ և անհրաժեշտ հանձնարարականներ` հրամանատարական հավաքներում յուրացրած նյութը հնարավորինս կարճ ժամկետներում տեղայնացնելու և գործնականում կիրառելու ուղղությամբ: