Գլխավոր դատախզությունը պարզաբանում է տարածել ՀՀ ԶՈւ-ում և ԱՀ ՊԲ-ում մահվան դեպքերի մասին տվյալների  անհամապատասխանությունների» վերաբերյալ

Գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել ՀՀ ԶՈւ-ում և ԱՀ ՊԲ-ում մահվան դեպքերի մասին տվյալների  անհամապատասխանությունների» վերաբերյալ։

Հղում կատարելով ՄԻՊ 2017թ. տարեկան հաղորդման մեջ ՀՀ ԶՈՒ-ում և ԱՀ ՊԲ-ում մահացության դեպքերի վերաբերյալ ՀՀ ՊՆ-ից ստացված տվյալներին՝ տեղեկատվական որոշ ռեսուրսներ և քաղհասարակության ներկայացուցիչներ շտապեցին հակասություններ գտնել դրանց վերաբերյալ ՀՀ ՊՆ-ի և ՀՀ Զինվորական դատախազության կողմից ավելի վաղ հրապարակված տվյալներում:
Իրականում ՄԻՊ-ի հաղորդման, ՀՀ ՊՆ-ի կողմից նախկինում տրված, ինչպես նաև ՀՀ զինվորական դատախազի կողմից հրապարակված տվյալների միջև որևէ հակասություն գոյություն չունի: Թվացյալ տարբերությունները պայմանավորված են բացառապես մահվան դեպքերի դասակարգման տարբեր մեթոդաբանությունների կիրառման, առանձին դեպքեր որպես զինվորական ծառայության հետ կապված կամ չկապված համարելու հետ կապված տարբեր մեկնաբանություններով:

Դեռևս ՀՀ դատախազության նախորդ՝ 28.02.2018թ. պարզաբանման մեջ էինք նշել, որ 56-ը միայն զինվորական ծառայությամբ պայմանավորված մահվան դեպքերն են: Մահացության մնացած դեպքերի մասին նախկինում տեղեկատվություն չի հրապարակվել բացառապես այն պատճառով, որ դրանք կապված չեն եղել զինվորական ծառայությամբ: ՀՔԱՎ տեղեկանքների կապակցությամբ իր պարզաբանման մեջ ՀՀ զինվորական դատախազությունը ևս այս մասով տեղեկատվություն չէր ներկայացրել, որովհետև դրա նպատակը տեղեկանքներում առկա՝ մահվան դեպքերի դասակարգման հետ կապված անճշտությունները վերացնելն էր:

Մարդկային, բարոյական տեսանկյունից անթույլատրելի է զինծառայողների մահացության բոլոր դեպքերը որպես զինվորական ծառայության հետ կապված ներկայացնելու միջոցով իրողությունները խեղաթյուրելու, զինվորական ծառայության հետ կապված մահացությունների քանակն արհեսականորեն ավելացնելու և դրանց թաքցված լինելու պատրանք ստեղծելու վարքագիծը: Եթե այս կապակցությամբ նախկինում տրված հստակ պարզաբանումներից հետո կրկին նույն մոտեցմամբ առաջնորդվելը տեքստեր կարդալու կամ ըմբռնելու անընդունակության դրսևորում չէ, ապա ակնհայտորեն հանրային կարծիքը կեղտոտ մանիպուլյացիաներով միտումնավոր ուղղորդելու անհաջող փորձ է: Որևէ առնչություն չունենալով զինված ուժերում մահացության վիճակի և դրանք նվազեցնելու հետ կապված սրտացավության հետ՝ նման գործելաոճը հետապնդում է ցանկացած գնով ՀՀ զինված ուժերի և ՀՀ զինվորական դատախազության վրա ստվեր նետելու, նրանց նկատմամբ հանրությանն անվստահություն ներշնչելու նպատակ:
Դրա մասին է վկայում թեկուզ այն իրողությունը, որ առերևույթ թվային տարբերություններ նկատելուց հետո այդ շրջանակները նախ որևէ փորձ չկատարեցին ՀՀ ՊՆ-ից կամ ՀՀ Զինվորական դատախազությունից պարզելու դրա հնարավոր պատճառները կամ գոնե ստանալու պարզաբանումներ՝ շտապելով անմիջապես շրջանառության մեջ դնել և տիրաժավորել 19 «զոհերը» թաքցնելու մասին անհեթեթությունները և ՀՀ զինվորական դատախազությանը մեղադրել սուտ տեղեկություններ հրապարակելու մեջ:

Նման գործելաոճը դրսևորվում է այն դեպքում, երբ ՀՀ դատախազությունը մշտապես պատրաստակամություն է հայտնել և հայտնում ինչպես առհասարակ, այնպես էլ կոնկրետ այս հարցում համագործակցելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, բաց և թափանցիկ հաղորդակցվելու, օրենքով թույլատրելի սահմաններում տրամադրելու ինչպես զինված ուժերում մահվան դեպքերի, այնպես էլ դրանց վերաբերյալ կատարված քննությունների արդյունքների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը:
Բացի դրանից, անտեսվում է այն տրամաբանական հարցը, թե մահվան դեպքերը թաքցնելու միտում կամ նպատակ ունենալու դեպքում ինչո՞ւ պետք է ՄԻՊ-ի գրասենյակին մահացության ավելի շատ դեպքերի մասին տեղեկացվեր, քան հրապարակվել էր մինչ այդ՝ այդ թվում նաև մոնիթորինգ իրականացնող հասարակական կառույցների կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել