Կաշառք վերցնելու համար մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի դեմ կան մի շարք քաղաքացիական գործերով դատական հայեր՝ գումարների բռնագանձման պահանջներով: Դատարան հայց են ներկայացրել «Արդշինբանկ» ՓԲԸ-ն, «Յունիբանկը» ԲԲԸ-ն և մի քանի քաղաքացիներ:
«Արդշինբանկ» ՓԲ ընկերությունը 2017 թվականի նոյեմբերի 15-ին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Իշխան Բարսեղյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին: Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Սերոբ Մանուկյանի նախագահությամբ:
Հայցվոր ընկերության ներկայացուցիչ Վահան Զախարյանը հայտնել է, որ պատասխանող Իշխան Բարսեղյանն «Արդշինբանկ»-ից 6 միլիոն դրամ վարկ է վերցրել՝ տարեկան 24% տոկոսադրույքով՝ 36 ամիս ժամկետով:
Պատասխանողը թույլ է տվել վարկային պարտավորությունների կետանց, ինչի արդյունքում հաշվեգրվել են տոկոսներ և տույժեր, ինչպես նաև գոյացել են դեբիտորական պարտքեր և վերջինիս պարտքը բանկին 2017 թվականի հունիսի 7-ի դրությամբ ընդհանուր առմամբ կազմել է 8.218.991,30 ՀՀ դրամ, որից 5.868.955,70 ՀՀ դրամ՝ վարկի մնացորդ , 2.288.437,30 ՀՀ դրամ՝ վճարման ենթակա տոկոսները, 390 ՀՀ դրամ՝ վճարային սահմանաչափի գերածախս, 208,30 ՀՀ դրամ՝ գերածախսի դիմաց հաշվարկված տույժ, 61.000 ՀՀ դրամ՝ չվճարված միջնորդավճարներ:
Պատասխանող Իշխան Բարսեղյանը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել և չի ներկայացել դատաքննությանը:
Դատարանը որոշում է կայացրել Իշխան Բարսեղյանից հօգուտ բանկի բռնագանձել 8.218.991,30 ՀՀ դրամ, որից 5.868.955,70 ՀՀ դրամը` որպես վարկի մնացորդ, 2.288.437,30 ՀՀ դրամը` որպես տոկոսագումար, 390 ՀՀ դրամը` որպես վճարային սահմանաչափի գերածախս, 208,30 ՀՀ դրամը` որպես գերածախսի դիմաս հաշվարկված տույժ, իսկ 61.000 ՀՀ դրամը` որպես չվճարված միջնորդավճարներ:
Վճիռը կայացվել է 2018 թվականի մարտի 6-ին, այն կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում:
Ընդդեմ դատավորի «Յունիբանկը» 2017 թվականի մայիսի 15-ին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Իշխան Բարսեղյանի` գումար բռնագանձելու պահանջով: Ներկայացվել է, որ բանկի և Իշխան Բարսեղյանի միջև 2015 թվականի հոկտեմբերի 16-ին կնքվել է պայմանագիր՝ 2.000.000 ՀՀ դրամ վարկ տրամադրելու վերաբերյալ՝ տարեկան 22% տոկոսադրույքով, որը Իշխան Բասեղյանը չի մարել:
Պատասխանողի ընդհանուր պարտքը բանկի նկատմամբ 2017 թվականի մարտի 20-ի դրությամբ կազմում է ընդամենը 625.932 ՀՀ դրամ, որից 625.932 ՀՀ դրամը` որպես օվերլիմիտի գումար:
Հայցվոր ընկերության ներկայացուցիչ Օվսաննա Առաքելյանը դատարանին խնդրել է պատասխանողից հօգուտ բանկի բռնագանձել 625.932 ՀՀ դրամ` որպես պայմանագրով սահմանված վարկային պարտավորությունների կատարում, ինչպես նաև 12.520 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Պատասխանողը չի ն երկայացել դատավարությանը: Հայցը դատարանի կողմից բավարարվել է:
Պատասխանող Իշխան Բարսեղյանից հօգուտ «Յունիբանկ» ԲԲ ընկերության պետք է բռնագանձվի 625.932 ՀՀ դրամ` որպես օվերլիմիտի գումար: Պետք է բռնագանձվի նաև սահմանված չափից ավելի օգտագործված օվերդրաֆտի /օվերլիմիտի/ նկատմամբ հաշվարկվող տույժը` 2017 թվականի մարտի 21-ից մինչև պարտավորությունների փաստացի մարումը, ինչպես նաև 12.518,60 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Վճիռը կայացվել է 2017 թվականի հունիսի 30-ին և չի բողոքարկվել: Այն կայացրել է նույն դատավորը՝ Սերոբ Մանուկյանը:
Այս տարի ևս 2 գործ է հարուցվել դատարանում ընդդեմ դատավոր Իշխան Բարսեղյանի: Սուսաննա Ղազարյանը պահանջում է պատասխանողից բռնագանձել 2000 ԱՄՆ դոլար: Հայցադիմումը դատարան է ներկայացվել է ապրիլի 3-ին, սակայն գործը դեռ վարույթ չի ընդունվել:
Քաղաքացի Չուբար Մանուկյանն էլ պահանջում է Իշխան Բարսեղյանից բռնագանձել 33.000 ԱՄՆ դոլար: Հայցվորը միջնորդություն է ներկայացրել՝ պակաս վճարված պետական տուրքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ: Այս հայցադիմումն էլ դեռ դատարանը վարույթ չի ընդունել:
Եվգենյա Համբարձումյան