«Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարևոր է ներդնել տեղական էլեկտրոնային կառավարման միասնական թվային պլատֆորմ, որը պետք է համակցված լինի պետական էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ»,-այս մասին ասաց Կարեն Կարապետյանը՝ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նա ասաց, որ նշված պլատֆորմի ստեղծման գործում առաջնահերթ է գույքային հարկերի հաշվառման միասնական համակարգի ներդնումը, ինչի բացակայությունը խնդիրներ է առաջացնում անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման, վճարումների ձևերի, ինչպես նաև հավաքագրման տեսանկյունից։
Վարչապետը հաշվի առնելով այս ամենը՝ հանձնարարեց․ «Ֆինանսների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին՝ 5-օրյա ժամկետում կառավարությունում քննարկված տեղական էլեկտրոնային կառավարման միասնական պլատֆորմի ներդրմանն ուղղված գործողությունների ծրագրի և ժամանակացույցի նախագիծը, ինչպես նաև դրա կիրարկման վերաբերյալ իրավական ակտի նախագիծը ներկայացնել կառավարության աշխատակազմ»,-նշեց Կարեն Կարապետյանը:
Բացի սրանից, Կարեն Կարապետյանը «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարեց 3-ամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ գույքային հարկերի հաշվարկման միասնական համակարգ ստեղծելու նախագծման, կազմակերպչական, ինչպես նաև այլ աշխատանքների ուղղությամբ՝ հաշվի առնելով առաջին կետով նախատեսված գործողությունների ծրագիրը։
Ալիսա Չիլինգարյան