Գործադիրը վաղը՝ ապրիլի 5-ին որոշում կընդունի արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծի մասին։ Նախագծով լրացում կկատարվի ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին» թիվ 1384-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 45-րդ կետից հետո․
45.1 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայող՝
- մինչև 15 տարվա ծառայության ստաժի դեպքում – 2
- 15-25 տարվա ծառայության ստաժի դեպքում – 7
- 25 և ավելի տարվա ծառայության ստաժի դեպքում – 9
Մասնավորապես, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ նախկինում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողներին արձակուրդ տրամադրելու իրավահարաբերությունները կարգավորվել են «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքով և այս օրենքներից բխող ենթաօրենսդրական ակտերով:
«Քրեակատարողական ծառայողի և նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով»:
«Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետի համաձայն.
«Զինծառայողներին հավասարեցված անձինք են՝ (….)
գ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքով նախատեսված դրույթները, (….):»:
Նույն օրենքի 32-րդ հոդվածի համաձայն.
«Ժամկետային զինծառայողներին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, տրվում է հերթական տարեկան արձակուրդ: Արձակուրդի տևողությունը կազմում է` մինչև 15 տարի ծառայած զինծառայողների համար` 30 օր, 15-ից 25 տարի ծառայած զինծառայողների համար` 40 օր, 25 և ավելի տարի ծառայած զինծառայողների համար` 45 օր, (….)»:»
Սակայն, ներկայումս, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ ուժը կորցրած է ճանաչվել «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքը, որի արդյունքում գործող օրենքով սահմանված արձակուրդի տրամադրման իրավահարաբերությունները քրեակատարողական ծառայության վրա չեն տարածվում:
Մասնավորապես, վերոնշյալ օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն.
«Զինծառայողներին հավասարեցված անձինք են` (….)
3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 6-րդ բաժնի դրույթները (….):»:
Մինչդեռ, միևնույն օրենքի 6-րդ բաժնով կարգավորվում է միայն զինծառայողների դրամական ապահովությունը և սոցիալական ապահովությունը, և արդյունքում կարգավորումից դուրս է մնացել զինծառայողների արձակուրդային իրավահարաբերությունները:
Միաժամանակ, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն.
«Քրեակատարողական ծառայողների և քաղաքացիական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե քրեակատարողական ծառայության և քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:»:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.
«Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր:»:
Նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.
«Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Արդյունքում, կատարված օրենսդրական փոփոխությունների հետևանքով, ըստ էության, բաց է մնացել քրեակատարողական ծառայողների արձակուրդ տրամադրելու իրավունքի կարգավորումը և վերջիններիս ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով արձակուրդ տրամադրելու դեպքում կվատթարանա նրանց իրավական վիճակը:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը և արձակուրդի նվազագույն տևողությունը սահմանվում է ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1384-Ն որոշմամբ, սույն նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման մեջ կատարել համապատասխան լրացում՝ դրանով իսկ կանխելով ու վերացնելով քրեակատարողական ծառայողներին արձակուրդ տրամադրելու հետ կապված վերջիններիս իրավական վիճակի վատթարացումը:
Ներկայացված նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի լրացնել օրենսդրական բացը և ապահովել քրեակատարողական ծառայողների արձակուրդի իրավունքի արդյունավետ իրացումը։