«Գույքի նկատմամաբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքը սահմանում է, որ անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարն է իրականացնում տվյալ տարածքում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները:
Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավար կարող են նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող մինչև 60 տարեկան քաղաքացիները:
Ղեկավարը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն, լինել ներկայացուցչական մարմնի անդամ, կատարել այլ վճարովի աշխատանք (բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքներից):
Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարին նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը` 4 տարի ժամկետով:
Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարը պաշտոնից կարող է ազատվել`
ա) իր դիմումի համաձայն.
բ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.
գ) տվյալ տարածքային ստորաբաժանման լուծարման դեպքում.
դ) դատարանի վճռով.
ե) մահվան դեպքում.
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
Պետական գրանցման օբյեկտներն են` պետական գրանցման ենթակա գույքի նկատմամբ սեփականության, օգտագործման իրավունքը, գրավը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև, օրենքով նախատեսված դեպքերում, այլ իրավունքները, դրանց ծագումը, փոխանցումը, փոփոխումը, դադարումը:
Պետական գրանցման սուբյեկտներն են` Հայաստանի Հանրապետությունը, համայնքները, քաղաքացիները, իրավաբանական անձինք, օտարերկրյա պետությունները և միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք:
Պետական գրանցման կազմակերպման նպատակով ՀՀ տարածքը, մարզային բաժանմանը համապատասխան, բաժանվում է կադաստրային տարածքների, որոնցից յուրաքանչյուրին տրվում է առանձին կադաստրային ծածկագիր:
Կադաստրային տարածքները բաժանվում են կադաստրային ենթատարածքների, որոնք չպետք է խախտեն համայնքների սահմանները և որոնցից յուրաքանչյուրին տրվում է առանձին կադաստրային ծածկագիր:
Կադաստրային ենթատարածքները բաժանվում են առանձին սեկտորների, թաղամասերի, միավորների, որոնցից յուրաքանչյուրին տրվում է առանձին կադաստրային ծածկագիր:
Շենքերին և շինություններին տրվում են առանձին կադաստրային ծածկագրեր, որոնք կապված են համապատասխան հողամասի կադաստրային ծածկագրի հետ:
Կադաստրային տարածքների և ենթատարածքների համար առանձնացվում են անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններ:
Հայաստանի Հանրապետությունում գործում է անշարժ գույքի միավորների հաշվառման և պետական գրանցման համար ծածկագրման միասնական համակարգ:
Հաշվառման և պետական գրանցման համար ծածկագրման կարգը սահմանում է կառավարությունը:
Բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք գույքի գրանցման իրավունքների վերաբերյալ համարվում են տեղեկացված` անկախ նրանից` իրականում տեղյակ էին նրանք այդ իրավունքների մասին, թե ոչ:
Գույքի նկատմամբ չգրանցված իրավունքները, որոնք նշվում են այլ փաստաթղթերում, բացի անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի գրանցման թերթիկներից, չեն համարվում ճանաչված և գրանցված:
Պետական գրանցման համակարգի հիմնական փաստաթղթերն են`
ա) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանը (այսուհետ` գրանցման մատյան).
բ) կադաստրային քարտեզը (հատակագիծը).
գ) անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար կազմված կադաստրային գործը:
Անշարժ գույքի միավորի կադաստրային քարտեզները (հատակագծերը) տեղանքի փոքրացված և ընդհանրացված արտապատկերումներն են` համապատասխան մասշտաբով և պայմանական նշաններով, որոնցում պատկերված են անշարժ գույքի միավորները (անկախ սեփականության ձևից), դրանց տեղադրությունը, սահմանները, մակերեսը, տեսքերն ու տեսակները, վերգետնյա և ստորգետնյա հաղորդակցությունների ցանցերը և այլ տվյալներ:
Կադաստրային քարտեզներում նշված հողամասերի, շենքերի, շինությունների և այլ ամրակայված գույքի սահմանագծերի և անկյունագծերի կոորդինատները լրացվում են անշարժ գույքի պետական միասնական կադաստրի կոորդինատային ժողովածուի մեջ և կապակցվում են Հայաստանի Հանրապետությունում գործող ընդհանուր կոորդինատային համակարգին:
Կադաստրային քարտեզների ձևերն ու մասշտաբները սահմանում է կառավարությունը:
Եվգենյա Համբարձումյան