ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի ապրիլի 4-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը։ Այս մասին հայտնում են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է հանձնաժողովի՝ 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ կետով սահմանված դիմող անձանց նոր համակարգերը մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման առավելագույն ժամկետները խախտելու համար «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տուգանել 5 մլն ՀՀ դրամ գումարի չափով։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2018 թվականի փետրվարի 5-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է դիմել քաղաքացի Նիկոլայ Հարությունյանը՝ հայտնելով, որ 2017 թվականի մարտի 31-ին դիմել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ՝ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Ավետիք Իսահակյան փողոցի համար 3 տան նոր համակարգն ընկերության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միանալու համար, սակայն սահմանված ժամկետում միացման պայմանագիր կնքելու առաջարկություն չի ստացել։
Մի քանի օր անց Հանձնաժողով է դիմել Արզուման Հարությունյանը: Նա հայտնել է, որ հունվարի 9-ին դիմել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Արմավիրի մարզի Այգեկ գյուղի 3-րդ փողոցի համար 50 տան նոր համակարգն ընկերության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միանալու համար, սակայն սահմանված ժամկետում տեխնիկական պայմաններ չի ստացել, որի առնչությամբ ընկերության կողմից ստացել է բանավոր պատասխան, որ դիմումը Ընկերության աշխատակցի անփութության պատճառով չի մուտքագրվել և պետք է սպասել:
Հանձնաժողովը պարզել է, որ ընկերությունը խախտել է Կանոնների 16-րդ կետի պահանջը՝ դիմող անձին տեխնիկական պայմանների և միակողմանի կնքված միացման պայմանագրի ներկայացման ժամկետը, ինչը Կանոններով ամրագրված պարտավորությունների անբարեխիղճ կատարման արդյունք է։ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները չեն կատարել իրենց պարտականությունները և տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են իրականացնել բողոքաբեր բնակիչների՝ տների ջրամատակարարման համակարգին միացնելու աշխատանքները։