Կհիմնվեն ՀՀ պետական մրցանակներ և կսահմանվեն դրանց շնորհման հետ կապված հարաբերությունները

Արդարադատության նախարությունը նոր նախագծեր է հրապարակել, ըստ որոնց «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ շնորհելու և Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնաժողովների գործունեության կարգը հաստատելու մասին» և Կառավարության հարակից որոշումներով՝

  1. հիմնվել են ՀՀ պետական մրցանակներ,
  2. նախատեսվել է ՀՀ պետական մրցանակների շնորհման կարգ և սահմանվել է ՀՀ պետական մրցանակների հանձնաժողովների գործունեության կարգը,
  3. կարգավորվել են ՀՀ պետական մրցանակների հետ կապված այլ հարաբերություններ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ նախագահի 2002թ-ի օգոստոսի 22-ի  թիվ ՆՀ-1164-Ն հրամանագրով սահմանվել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգը:

Բացի այդ, 2009 թվականի երկու այլ հրամանագրերի համաձայն հիմնվել են համապատասխանաբար Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարՀՀ նախագահի մրցանակները, իսկ ՀՀ նախագահի 2004 թվականի մայիսի 20-ի թիվ ՆԿ-113-Ն կարգադրությամբ հիմնվել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ՀՀ նախագահի մրցանակներ:

Նախագծում նշվում է, որ որպես Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ շնորհվում են՝ մրցանակի դափնեկրի դիպլոմ, պատվոնշան՝ այն հավաստող հավաստագրով, 200․000 ԱՄՆ-ի դոլարի չափով դրամական պարգև և 100 000 ԱՄՆ-ի դոլարի չափով դրամական միջոցներ՝ սույն որոշմամբ սահմանված կարգով տնօրինելու իրավունքով:

Մրցանակը հանձնվում է յուրաքանչյուր զույգ տարվա սեպտեմբերի 18-ին, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը, այդ առիթով գումարված Հայաuտանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում:

100․000 ԱՄՆ-ի դոլարի չափով դրամական միջոցները, մրցանակի ստանալու հաջորդ երկու տարվա ընթացքում, օգտագործվում են մրցանակակրի (մրցանակակիրների) հայեցողությամբ՝ Հայաստանում աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառների հետագա զարգացման համար ըստ հետևյալ նպատակների՝

1) 50 000 ԱՄՆ դոլարի չափով միջոցները՝ գիտական հետազոտությունների աջակցության մրցույթի կազմակերպմանը.

2) 25 000 ԱՄՆ դոլարի չափով միջոցները՝ գիտաշխատողների օտարերկրյա պետություններ գործուղումների ֆինանսավորմանը.

3) 15 000 ԱՄՆ դոլարի չափով միջոցները՝ Հայաստանի Հանրապետությունում գիտաժողովների կազմակերպմանը.

4) 7 200 ԱՄՆ դոլարի չափով միջոցներն ուղղել պետական բուհերում մագիստրոսի ուսումնական ծրագրով ուսումնառող ուսանողների կրթաթոշակներին.

5) 2 800 ԱՄՆ դոլարի չափով միջոցները՝ մրցանակակրի (մրցանակակիրների) և մրցանակի արժանացած աշխատանքի հանրայնացման համար:

Նշենք նաև, որ 2015թ-ի փոփոխություններով Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով, իսկ  Սահմանադրությունը Հանրապետության նախագահին չի վերապահում պետական մրցանակներ հիմնելու և դրանք շնորհելու լիազորություն:

Հաշվի առնելով վերնոշյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ընդունելու ՀՀ պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի վերաբերյալ Կառավարության համապատասխան որոշումներ:

Հավելենք, որ նախագծերը մշակվել են ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել