Երևանի քաղաքապետարանը գրությամբ դիմել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն։ Այս հարցը գործադիրը կքննարկի ապրիլի 5-ին՝ կառավարության հերթական նիստին։ Գրությամբ քաղաքապետարանը իր ենթակայության «Երևանի N 110 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի 11 հասցեում գտնվող շենքից Երևան համայնքի ենթակայության «Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու խնդրանքով դիմել է Կառավարությանը՝ միաժամանակ ներկայացնելով տրամադրվող տարածքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը /տարածքի գնահատման վերաբերյալ հաշվետվությունը և լիցենզավորված կազմակերպության կողմից կատարված չափագրումը/:
ՊԳԿՎ-ն կարևորելով շախմատի մանկապատանեկան մարզադպրոցների դերը երեխաների զարգացման գործում՝ մշակել է «Տարածք հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Այսպիսով՝ կառավարության որոշմամբ Սողոմոն Տարոնցի 11 հասցեում գտնվող շենքի 1-ին և 2-րդ հարկերից 157 միլիոն 300 հազար ՀՀ դրամ գնահատված արժեքով 848.2 քմ մակերեսով տարածքը հետ կվերցվի Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանի համար 110 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ից և անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով կհանձնվի «Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։