Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել են խոհանոցը (60 քմ), սպասարկման տաղավարը՝ մոտ 2 քմ, սրահի կախովի առաստաղը՝ մոտ 8 քմ, 2 գարեջրի տարա (40 լ) և սպասքի պարագաներ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Փրկարարներն, անվտանգության նկատառումներից ելնելով, փակել են խոհանոցում առկա գազի բալոնների փականները, հոսանքազրկել էլ.սարքավորումները և սահմանազատել տարածքը:
Պարզվել է, որ Ռուբինա Մարկոսյանի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ կայուն ծանր:
Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը 6 քաղաքացիների հետ անցկացրել է հոգեբանական զրույց:
Ապրիլի 3-ին, ժամը 07:45-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ հերթապահ բժշկից ճշտվել է, որ տուժածներից Զեյնաբ Հուսեինին դուրս է գրվել, Ռուբինա Մարկոսյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը` բավարար:
Հիշեցնենք, որ ԱԻՆ մամուի ծառայության փոխանցմամբ, ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նշենք, որ կար 8 տուժած՝ Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի): Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Լուսանկարը՝ «Արմենպրես»-ի