Աճել է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ցուցանիշը

2017թ. աճել է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ցուցանիշը։ Այս մասին վիճակագրական տվյլաներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: Կոռուպցիոն հանցագործությունները ավանդաբար համարվում են լատենտայնության բարձր աստիճան ունեցող հանցագործություններ։

Այս մասին Իրավաբան.netը տեղեկանում է գլխավոր դատախազությունից:

Դրանց հայտնաբերումը, բացահայտումը, ինչպես նաև պաշտոնատար անձանց մեղավորության հիմնավորումը, հաճախ մեծ բարդություն է ներկայացնում և պահանջում է քրեական հետապնդման մարմինների կողմից հետևողական, գրագետ պլանավորված, արդյունավետ և համագործակցված գործողությունների իրականացում։

Նշվածով պայմանավորված՝ այս հանցատեսակների թվի աճը, ի տարբերություն այլ հանցանքների, դրական է գնահատվում, այդպիսի դինամիկան խոսում է ոչ թե իրականում այդ հանցանքների ծավալների ընդլայնման, այլ՝ դրանց դեմ տարվող հատկապես քրեաիրավական պայքարի արդյունավետության բարձրացման մասին։

2017թ. ընթացքում իրականացվել են ինչպես իրավական, այնպես էլ ինստիտուցիոնալ և կազմակերպական բնույթի լուրջ բարեփոխումներ, որոնք էապես ապահովել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման, դրանց հայտնաբերման, և քրեական հետապնդման աշխատանքների արդյունավետության բարձրացումը։

Մասնավորապես՝

Կոռուպցիոն հանցագործությունների շրջանակը ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված               չափանիշներին               համապատասխանեցնելու,               նշված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով դատախազական հսկողության և դատարանում մեղադրանքի պաշտպանության որակը բարձրացնելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի 2017թ. հունվարի 19-ի թիվ 3 հրամանով սահմանվել են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքները կոռուպցիոն հանցագործություններ համարելու չափանիշները և հրամանի հավելվածով հաստատվել է կոռուպցիոն հանցագործությունների ցանկը, որում ներառվել են ՀՀ քրեական օրենսգրքի թվով 67 հոդվածով նախատեսված հանցագործություններ։

Ըստ այդմ՝ կոռուպցիոն հանցագործություն է համարվել այն հանցավոր արարքը, որը կատարվել է ոչ իրավաչափ առավելություն ստանալու նպատակով՝ շահադիտական կամ անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, հատուկ սուբյեկտի՝ պաշտոնատար անձի կամ առևտրային կամ այլ կազմակերպություններում կարգադրիչ կամ այլ կառավարչական գործառույթներ իրականացնող կամ առևտրային կազմակերպություններում այլ պաշտոն զբաղեցնող անձի կողմից ծառայողական դիրքի ընձեռած հնարավորություններն օգտագործելով։

Բացի այդ, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով դատախազական հսկողության և դատարանում մեղադրանքի պաշտպանության որակը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի 2017թ. մարտի 13-ի թիվ 26 հրամանով սահմանվել են ՀՀ դատախազության համակարգում դատախազների միջև աշխատանքային պարտականությունների բաշխում կատարելու վերաբերյալ կարգադրության, ինչպես նաև դրա փոփոխման  և /կամ/ լրացման վերաբերյալ կարգադրության օրինակելի ձևերը։

Նշված հրամանով Երևան քաղաքի և մարզերի դատախազներին հանձնարարվել է աշխատանքային պարտականությունների բաշխում կատարելու վերաբերյալ կարգադրություններով, որպես կանոն, ապահովել դատախազությունների դատախազների մասնագիտացում ըստ առանձին հանցատեսակների, այդ թվում՝ պետական իշխանության դեմ ուղղված և կոռուպցիոն հանցագործություններով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել