ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մարտի 28-ին Երեւանում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2018թ. մարտի 28-ին՝ ժամը 07:10-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել առ այն, որ մարտի 27-ի լույս 28-ի գիշերը՝ ժամը 02:00-04:30-ի սահմաններում, երկու դիմակավորված անձ մուտք են գործել Երեւան քաղաքի Նոր Խարբերդում գտնվող իր տուն, դանակի սպառնալիքով կապել ձեռքերն ու ոտքերը, ածելիով մարմնական վնասվածքներ պատճառել, ապա բնակարանից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար եւ հեռացել:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔԳՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան։
Քրեական գործով Նոր Խարբերդի բնակիչը ճանաչվել է տուժող։ Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են կպչուն ժապավեն, արնանման նյութի հետքեր, արնանման նյութի հետքերով ածելի եւ տետր, որի վրա առկա գրառմամբ պահանջել են գումար՝ սպառնալով կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրել։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: