Մարզպետարանների 2017 թ-ի հաշվետվությունների ուսումնասիրման և մարզային խորհրդակցությունների արդյունքում բոլոր մարզերում 2016 թ-ի ցուցանիշների համամետությամբ, 2017 թ-ին արձանագրվել է զգալի դրական աճ, այդ թվում՝ ֆինանսական, գյուղատնտեսական, սոցիալական, ինչպես նաև շինարարության, աղբահանության և այլ ոլորտներում։
Այս մասին այսօր՝ կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել են 2018 թ-ի մարզպետաանների գործունեության պլանային իրատեսական ցուցանիշներ, որոնք, սակայն, ոչ ամբողջությամբ են իրականացվել տարեկան ծրագրերում։ Ելնելով վերոնշյալից հանձնարարում եմ՝ տարածքային կառավարման և զարգացման, ֆինանսների նախարարներին և մարզպետներին մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ մարզպետարանների տարեկան գործունեությունները վերանայելու ուղղությամբ, հատկապես՝ անդրադառնալով մեկ շնչին ընկնող համայնքների սեփական եկամուտների աճի ցուցանիշներին, համայնքային բյուջետային միջոցների հավաքագրման, ծախսային, համայքներում սանիտարական և աղբահանության աշխատանքները ծախսափակ եղանակով կատարելու համար անհրաժեշտ ցուցանիշներին»,-ասաց վարչապետը։
Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման և զարգացման նախարարին և մարզպետներին հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի և ենթակայության տակ գտնվող այն ոլորտներում, մարմիններում, որտեղ արձանագրվել են բացթողումներ՝ օրենքով սահմանված կարգով անդրադառնալ նաև կադրային փոփոխությունների հարցերին։
Ալիսա Չիլինգարյան