Շենքի բնակիչները կվերաբնակեցվեն. շենքը վթարային է ճանաչվել

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է մայրաքաղաքի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարայնություն ունեցող հանրակացարանային շենքի բնակիչների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:

Ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը՝ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ ուսումնասիրվել են առկա բոլոր փաստաթղթերը, համաձայն որոնց հանրակացարանում կան փաստացի բնակվող, ինչպես և նույն հասցեների վրա սեփականության իրավունքով վկայականներ ստացած քաղաքացիներ: Ըստ այդմ Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է դատական հայցեր, որոնք ներկայում դեռ ընթացքի մեջ են: Հաշվի առնելով դատական գործընթացի հնարավոր տևողությունը, մյուս կողմից նաև տվյալ շենքի վթարայնության աստիճանը, բնակիչների անվտանգության նկատառումներով Երևանի քաղաքապետարանը արդարացի և նպատակահարմար է համարում, անկախ սեփականության իրավունքից, վերաբնակեցնել տարիներ շարունակ տվյալ շենքում բնակված և ներկայում էլ փաստացի բնակվող քաղաքացիներին: Նաև նշվել է, որ մինչև դատարանի վերջնական վճռի կայացումը չի իրականացվի սեփականության իրավունքով հատկացում: Հարկ է նաև նշել, որ բեկանվել են այն դատական ակտերը, որոնց հիման վրա առանձին քաղաքացիներ ձեռք են բերել սեփականության իրավունք՝ փաստացի բնակեցված բնակելի մակերեսների նկատմամբ: Բոլոր դեպքերում, մինչև դատական գործընթացի ավարտը կկիրառվի միայն փաստացի բնակվող քաղաքացիների՝ նորակառույց շենքերում վերաբնակեցման տարբերակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել